Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս լավագույնս օգտագործել բնական ռեսուրսները. Զեյներ
«Օրգանական գյուղատնտեսությունը մեր երկրի հեռանկարային ուղղություններից մեկն է, և այսօր մեկնարկող ծրագիրը միտված է նպաստել մեր երկրում այս ոլորտի զարգացմանը»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը՝ այսօր մեկնարկած «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագիրի մեկնարկի ժամանակ:
Փոխնախարարի խոսքերով՝ այն նպատակ ունի աջակցել ֆերմերներին, որպեսզի վերջիններս ներդրումներ կատարեն օրգանական գյուղատնտեսության ոլորտում, մեծացնեն արտադրության ծավալները, ուսումնասիրեն նոր միջազգային շուկաներ, ինչպես նաև ապահովեն բիո արտադրանքի առկայությունը տեղական շուկայում: ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նա նաև հավելել է, որ ծրագիրը կազմված է լինելու չորս հիմնական բաղադրիչներից` օրգանական գյուղատնտեսությանը վերաբերող օրենսդրական դաշտի բարեփոխում, դրամաշնորհների միջոցով ոլորտի զարգացում, հասարակության լայն շրջաններում այս խնդրի շուրջ իրազեկման մակարդակի բարձրացում, ինչպես նաև օրգանական գյուղարտադրանքի համար արտահաման նոր շուկաների բացահայտում:
«Մենք ուրախ ենք աջակցել «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրին: Այն հաստատում է մեր նվիրվածությունը Հայաստանի գյուղական ոլորտին, ինչպես նաև ամբողջական է դարձնում արդեն իսկ առկա աջակցությունը, որը տրամադրվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ENPARD ծրագրի շրջանակներում, որտեղ ևս մենք արդյունավետ համագործակցում ենք Ավստրիական զարգացման գործակալության հետ»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
Ծրագրի խոշոր բաղկացուցիչ մասերից է անմիջապես արտադրողներին և վերամշակողներին դրամաշնորհների տեսքով ֆինանսական աջակցության տրամադրումը: Փոքրածավալ դրամաշնորհներ կտրամադրվեն, մասնավորապես, սկսնակ ֆերմերներին, ովքեր սերտիֆիկացման համար աջակցության կարիք կունենան: Խոշոր դրամաշնորհներ կտրամադրվեն արդեն իսկ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, կոոպերատիվներին և վերամշակողներին արտադրողականության բարձրացման և շուկա մուտք գործելու հնարավորության ընդլայնման համար:
Սպառողներին և ֆերմերներին օրգանական գյուղատնտեսության առավելությունները և հավելյալ արժեքի հնարավորությունները ներկայացնելու նպատակով նախատեսվում է իրականացնել իրազեկման քարոզարշավ:
«Ավստրիան ունի օրգանական գյուղատնտեսության բազմամյա փորձ և այսօր գյուղատնտեսական մշակաբույսերի համար օգտագործվող հողերի գրեթե 20%-ը օրգանական են: Մենք ձգտում ենք մեր այդ փորձը փոխանցել մեր նախագծերին, որոնք աջակցում են սկսնակ ֆերմերներին բարելավել գյուղատնտեսական արտադրությունն ու մարքեթինգը: Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս լավագույնս օգտագործել բնական ռեսուրսները՝ միևնույն ժամանակ պահպանելով շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը», - նշել է Ավստրիայի զարգացման գործակալության միջազգային ծրագրերի տնօրեն Ռոբերտ Զեյները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան