ՀԱԿ-ը ստորագրահավաք է սկսում՝ ՍԴ դիմելու համար
ՈՉ-ի շտաբը տարածել է հայտարարություն հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության ՈՉ-ի համատեղ շտաբը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին ակտիվորեն մասնակցելու և, դրա նշանակությունը գիտակցելով, զանգվածաբար ՈՉ քվեարկելու համար: Ժողովուրդը արտահայտվեց և հստակ ՈՉ ասաց Հայաստանի իշխանություններին և նրանց նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Մեր տվյալների և ընտրական գործընթացների հայտնի վիճակագրական մեթոդների վրա հիմնված ճշգրիտ մաթեմատիկական վերլուծության շնորհիվ հնարավոր է վերականգնել ժողովրդի իրական քվեարկության պատկերը: Հանրաքվեին իրականում մասնակցել է մոտ 825 հազար մարդ, որոնցից առնվազն 575 հազար քաղացի քվեարկել են ՈՉ, 250 հազարը ԱՅՈ, ինչը նշանակում է, որ Հայաստանի ժողովուրդը հստակորեն արտահայտվել է հանրաքվեում և մերժել սահմանադրական փոփոխությունները»:
Նշվում է, որ ՈՉ-ի համատեղ շտաբը ԿԸՀ-ին է ներկայացրել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում «լցոնումների, բռնության, մատյաններում քաղաքացիների ստորագրությունների կեղծման, ընտրողների և հանրաքվեի օրինականությունը վերահսկող անձանց ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտման մասին հարյուրավոր տեղեկություններ և ապացույցներ, որոնք ցույց են տալիս օրինախախտումների համակարգային, համատարած և կազմակերպված բնույթը»:
«Ներկայացվել է նաև վիճակագրական վերլուծություն, որը թույլ է տալիս գնահատել ընտրակեղծարարության ազդեցության չափը հանրաքվեի հայտատարված արդյունքների վրա և եզրակացնել, որ այդ արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը և հանրաքվեն պետք է ճանաչվի անվավեր: ԿԸՀ-ի կողմից առանց լուրջ հիմնավորումների ՈՉ-ի համատեղ շտաբի պահանջի մերժումից հետո իրավական հարթության մեջ կա ևս մեկ քայլ` համաձայն Սահմանադրության 100 և 101 հոդվածների, Ազգայի Ժողովի մեկ հինգերորդից ավելի պատգամավորների դիմումի հիման վրա վիճարկել հանրաքվեի արդյունքները Սահամանադրական դատարանում: «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունն այսօր որոշում է ընդունել ԱԺ-ի աշխատակազմից համապատասխան ձևաթուղթ վերցնելու և Սահմանադրական դատարան դիմելու համար ԱԺ պատգամավորների անհրաժեշտ ստորագություններ հավաքելու նպատակով: Բոլոր պատագամավորները կարող են այցելել «Հայ Ազգային Կոնգրեսի» խմբակցություն և մինչև դեկտեմբերի 18 ստորագրել այդ դիմումի տակ»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան