Սահակյան. Խոզի գրիպի դեմ պարտադիր պատվաստման հարց երբևիցե չի քննարկվել
«Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի բաղադրության մեջ խոզի գրիպի շտամը ևս մտնում է: H1N1-ն առանձին բաղադրիչ է»,-Panorama.am-ին ասաց ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե այս պահին քննարկվում է խոզի գրիպի դեմ զանգվածային պատվաստումների իրականացման հարցը:
Սահակյանն ասաց, որ նախարարությունում նման հարց չի քննարկվել, այս պահին էլ չի քննարկվում:
«Նման հարց երբևիցե չի քննարկվել: Արդեն երեք տարի Հայաստանում իրականացվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստում: H1N1-ը պատվաստանյութի բաղկացուցիչ շտամն է»,-ասաց նա:
Սահակյանը մանրամասնեց, որ գրիպի դեմ պատվաստումն իրականացվում է կամավոր հիմունքներով, արդեն երկրորդ ամիսն է՝ պոլիկլինիկաներում այդ պատվաստանյութը կա, բոլոր ռիսկի խմբերը առողջապահության նախարարի հրամանով ներառվել են պատվաստվողների ցանկում. «Բայց դարձյալ կամավոր հիմունքներով, ոչ մի պարտադրողական բան չկա: Խոցելի առաջին խումբը համարվում են բուժաշխատողները, որովհետև համաճարակի յուրաքանչյուր խմբային հիվանդացության դեպքում առաջին մարդը, որ շփվում է հիվանդի հետ, առաջին օղակի բուժաշխատողն է»:
Նշենք, այսօր թերթերից մեկը գրել էր, որ ընթացիկ տարվա հոկտեմբերից մինչև այժմ Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք՝ երկու երեխա և մեկ հղի կին: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նրանք առողջացել են:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հրապարակել էր, որ ԱՀԿ պաշտոնական տվյալներով եվրոպական 40 երկրում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդացության ակտիվությունը նշված հիվանդություններով գտնվում է ցածր մակարդակի վրա՝ գրիպի վիրուսների եզակի արձանագրմամբ:
Գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն (խոզի գրիպ) այսօր առավել քիչ է շրջանառում, քան 2014-2015 թվականների գրիպի սեզոնին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է, որ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն այսօր չունի պանդեմիկ ներուժ և դեռևս 2010 թվականից այն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ Հետևաբար սահմանափակող միջոցառումներ չեն պահանջվում:
Նախարարությունից վստահեցնում են, որ հանրապետությունում առկա են գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի բուժման համար նախատեսված հակավիրուսային պատրաստուկներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա