Իրավապաշտպանները մեղադրել են Թուրքիային փախստականներին դեպի Սիրիա և Իրաք արտաքսելու համար
Վերջին ամիսների ընթացքում Թուրքիան հարյուրավոր փախստականների հարկադրաբար հետ է ուղարկել Սիրիա և Իրաք: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն ` հղում անելով «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին:
Ինչպես նշվում է զեկույցում, փախստականների խնդրի լուծմանն ուղղված ԵՄ-ի հետ բանակցությունների մեկնարկին զուգահեռ թուրքական իրավապահները երկրի արևմտյան սահմանին հարյուրավոր փախստականների են կալանավորել:
Նրանց բոլորին ուղարկել են փախստականների համար ժամանակավոր մեկուսարաններ`տեղակայված թուրք-սիրիական սահմանից հազարավոր կիլոմետրեր հեռու: Ըստ իրավապաշտպանների`փախստականներին մեկուսարաններում պահել են առանց արտաքին աշխարհի հետ կապ ունենալու հնարավորության:
Ինչպես նշել է փախստականների հարցով մասնագետ Վիբկե Յուդիթը`թուրք չինովնիկները փախստականներին կանգնեցրել են երկընտրանքի առաջ, այն է`կա´մ անորոշ ժամանակով մնալ անազատության մեջ, կա´մ հետ վերադառնալ իրենց հայրենիք`Իրաք և Սիրիա, որտեղ փախստականներին սպառնում էր հետապնդում, տանջանքներ ու մահ:
Միևնույն ժամանակ, ինչպես պնդում են իրավապաշտպանները, նման կենտրոնները Թուրքիան ստեղծել է Եվրամիության կողմից տրամադրված գումարներով:
«Անհավատալի է, որ Եվրամիությունը ֆինանսավորում է Թուրքիայում փախստականների համար ժամանակավոր մեկուսարանների ստեղծումը»,-հայտարարել է Յուդիթը:
Անկարայում Եվրամիության ներկայացուցիչը հաստատել է, որ փախստականների ընդունման կենտրոններից 6-ի դեպքում խոսքը գնում է հենց նմանատիպ մեկուսարանների մասին: