Ուղղակի խնդրում եմ, Ամանորին չգնեք այդ ներկած լոլիկներն ու վարունգները. Մելիտա Հակոբյան
«Ընդհանուր առմամբ շուկան ինչ-որ չափով կարգավորվել է, բայց դեռ կան բավականաչափ պրոբլեմներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը:
Ամփոփելով տարին՝ մասնագետն ասաց, որ այս տարի շատ դիմում բողոքներ են ստացել ամենատարբեր ոլորտներից՝ կայանատեղիներից, նկարահանող սարքերից, հագուստից սկսած մինչև սննդի ու հացի խնդիրներ:
Մ. Հակոբյան առանձնացրեց պտուղ-բանջարեղենի շուկայի վատ վիճակը. «Մեր ազգաբնակչությանն ուղղակի խնդրում եմ, թող չգնեն այդ ներկած լոլիկներն ու վարունգները Նոր տարուն: Ամեն մի զիբիլ հանում են վաճառքի, պետք է զգոն լինել»:
Ըստ նրա, այսօր չունենք վստահելի շուկա. «Ալկոհոլային շուկայում բավականչափ շատ կեղծիքներ կան, շատ թունավորումներ են լինում, օգտագործում են անհայտ ծագման սպիրտներ, այն դեպքում, երբ խաղողի այդքան բերք ենք ունենում Հայաստանում»:
«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահն ասաց, որ սպառողն արդեն սկսել է նայել որակին, ժամկետներին, բայց դեռ սպառողական կրթական այն մակարդակը չկա, որ իրենք են վճարում, իրենք են շուկայի տերը:
«Պետք է նշենք, որ այօր կա սպառողի դեֆիցիտ, Էստի համեցեք է սկսվում շատ խանութներում, շուկաներում»,-նշեց Մ. Հակոբյանը:
Ինչ վերաբերում է գնաճին, նա հավելեց, որ 10-20 տոկոսով գնաճ կլինի՝ հատկապես ընդեղենի շուկայում: