Հայաստանում հոկտեմբեր ամսից մինչ օրս գրանցվել է խոզի գրիպով վարակման երեք դեպք
Ամեն տարի A(H1N1) (խոզի գրիպ) գրիպով դեպքեր գրանցվում են, բայց համաճարակի որևէ վտանգ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում հոկտեմբեր ամսից մինչ օրս գրանցվել է խոզի գրիպով վարակման երեք դեպք, որոնք ընթանում են թեթև տարբերակով և կյանքին սպառնացող վտանգ չկա:
Անդրադառնալով պատվաստանյութին, Ա.Մուրադյանն ասաց, որ Հայաստանում գրիպի դեմ պատվաստում իրականացվում է, սակայն անհնար է իրականացնել գրիպի բոլոր շտամների դեմ պատվաստումներ: «Ծրագիրն ամեն տարի հագենում է նոր պատվաստանյութով, որը թույլ է տալիս տարեցտարի նվազեցնել հիվանդացությունը»,- նշեց նախարարը: