Պատգամավոր Գարեգին Նուշիկյանի գրասենյակից գումար են գողացել. «Հրապարակ»
Օրերս կողոպտել են Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանին: Իրավապահ համակարգի «Հրապարակ»-ի աղբյուրները հայտնել են, որ Սայաթ-Նովայի վրա գտնվող «Նուշիկյան» ասոցիացիայի գրասենյակից գումար են տարել: Երեկ աշխատակիցները գրասենյակի դուռը հայտնաբերել են բաց. հավանաբար, կողոպուտը եղել է գիշերը: Տարել են օրվա հասույթը՝ 2 միլիոն դրամից քիչ ավելի գումար։ Կասկածներ կան, որ գողությունն արվել է ասոցիացիայի աշխատակիցներից որևէ մեկի կողմից։ Այժմ քննություն է գնում։
Թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել հենց Գարեգին Նուշիկյանից, սակայն վերջինս հերքել է այն՝ ասելով. «Ինձնից բան չեն գողացել»:
Ավելի ուշ թերթին փոխանցել են, որ ԱԺ պատգամավորը կատարվածը հերքել է այն պատճառաբանությամբ, որ անձամբ իրեն չեն կողոպտել, և ինքն էլ ասոցիացիայով անձամբ չի զբաղվում՝ պատգամավորի կարգավիճակը թույլ չի տալիս։
«Փաստորեն, գործարարները կրկին դարձել են գողերի թիրախը»,-հավելել է թերթը։