Կարողացել ենք ավելի կառավարելի դարձնել ինֆեկցիոն հիվանդությունների դաշտը. Առողջապահության նախարար
ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության Համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ դեկտեմբերի 16-ին անցկացրեց «Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը» խորագրով համաժողով: Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ խոսել առողջության և առողջապահական համակարգում առկա հիմնախնդիրների մասին, ինչպես նաև առաջիկա տարիների համար ոլորտի կանոնակարգման ուղենիշները ամփոփել մեկ փաստաթղթում:
Ինչպես համաժողովի բացմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, այս փաստաթղթով պետք է հաստատեն և ամրագրեն առողջապահական զարգացումները, բոլոր այն գործողություններով, որոնք պետք է իրականացվեն Առողջապահության Համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող ուղղություններին համահունչ:
«Հայեցակարգը հաստատելուց հետո մենք կկարողանանք համապատասխան ճանապարհային քարտեզով ավելի հստակ բարեփոխումներ իրականացնել»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքերով՝ առողջությունը բացարձակ արժեք է, որը պետք է ստեղծել, պահպանել և անհրաժեշտության դեպքում այն վերականգնել:
«Առողջապահությունը շատ մեծ շերտեր է ներգրավում և ուղղված է առողջ մարդու հետագա կյանքը ապահովելուն, առողջություն ստեղծելուն»,-նշեց նախարարը` հավելելով, որ աշխարհում այսօր առողջապահական համակարգերն ունեն իրենց առջև ծառացած խնդիրները, և անկախ նրանից, թե ինչ աստիճանի զարգացվածության երկիր են ներկայացնում, առողջապահության համակարգը տեսնում է նորանոր խնդիրներ՝ կապված առողջապահական նոր մարտահրավերների հետ:
«Այն կապված է ինչպես ծերացող հասարակության, ծննդօգնության խնդիրների, բուժական աշխատանքների բարելավվման, նոր դեղամիջոցների հայտնագործման և ներդրման հետ, այնպես էլ օրեցօր ավելի բարձր գնահատական ստացող կանխարգելիչ գործողությունների հետ: Դեռևս պահպանվում են չկառավարվող ինֆեկցիոն հիվանդությունները, դեռևս չենք կարող հստակ ասել, թե ինչպիսի ոչ ինֆեկցիոն հիվանդությունների աճ կարող ենք ունենալ առաջիկա տարիներին, բայց այս փաստաթղթով հստակ պատկերացում ունենք, որ կանխարգելիչ գործողություններով, մասնավորապես՝ հանրային առողջապահական ծրագրերով մենք կարող են ունենալ ավելի հստակ առողջություն ապահովվող ծրագրեր, որոնք միտում պետք է ունենան կանխարգելելու և թույլ չտալու այդ հիվանդությունների թիվը երկրում բարձրանալու»,-ասաց Ա.Մուրադյանը:
Նրա խոսքերով՝ աշխարհում որևէ երկիր չի կարող ասել, որ եթե բոլոր կանխարգելիչ միջոցառումները հանեն երկրից, նա ի զորու է այդ հիվանդութունները հաղթահարել՝ հաշվի առնելով, որ նա խիստ զարգացած բժշկական հիմնարկների ցանց ունի:
«Որպես զարգացող երկիր մեզ համար խիստ կարևոր է հանրային առողջապահական ծրագրեր իրականացնել, հաշվի առնելով, որ նրանք մեզ թույլ են տալու խուսափել առողջապահական ծախսերից, թույլ են տալու ավելի առողջ հասարակություն ունենալ»,- ընդգծեց առողջապահության նախարարը:
Արմեն Մուրադյանը նշեց նաև, որ կարողացել են ավելի կառավարելի դարձնել ինֆեկցիոն հիվանդությունների դաշտը, ստեղծվել են նոր կենտրոններ, որոնք թույլ են տալիս արդիական բուժօգություն իրականացնել մարզային կառույցներում:
«Համոզված եմ, որ 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը հեռանկարային ծրագիր է, որը ժամանակի ընթացքում արժանանալու է շատ բարձր գնահատականի»,- խոսքը եզրափակեց Արմեն Մուրադյանը:
Համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան նաև ՀՀ Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն տնօրեն Թաթուլ Հակոբյանը, ԱՀԿ Եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ Լուիջի Միգրիոլինին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա