ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդները համաձայնության են եկել հանել նավթի արտահանման արգելքը. Bloomberg
ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդները ԱՄՆ-ից նավթի արտահանման նկատմամբ արգելքի վերացման հարցում սկզբունքային համաձայնության են եկել, այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ հինգշաբթի` դեկտեմբերի 17-ին ավարտվում է ԱՄՆ կառավարության աշխատանքի ֆինանսավորումը, և մինչև վաղը Կոնգրեսը պետք է հասցնի ընդունել մի շարք կարևոր օրինագծեր, այդ թվում` 2016թ-ի բյուջեն: Չնայած նրան, որ հանրապետականները մեծամասնություն են կազմում խորհրդարանի երկու պալատներում էլ, սակայն որպեսզի կարողանան հանել ԱՄՆ-ից նավթի արտահանման նկատամամբ արգելքը, նրանք ստիպված են փոխզիջման գնալ դեմոկրատների հետ:
Bloomberg-ի տվյալներով` հանրապետականները պատրաստ են դրա դիմաց զիջումների գնալ բյուջեի մյուս հոդվածներում, մասնավորապես` «կանաչ էներգետիկայի» պետական աջակցության մասով, ինչպես նաև` մի շարք օրինագծերի, որոնք ուղղված են նման ծրագրերում ներդրումների ներգրավման գրավչության մեծացմանը:
ԱՄՆ-ից նավթի արտահանման վրա արգելքը դրվել է նախորդ դարի 70-ական թվականներից, երբ ԱՄՆ ներքին շուկայում խնդիր կար վառելիքի դեֆիցիտի հետ կապված, որոնք ծագել էին արաբական երկրների կողմից նավթային էմբարգոյի կիրառման հետևանքով: