ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների փաթեթ է ներկայացվել
«Հաշվի առնելով տարիներ ի վեր Ադրբեջանի կառավարության համակարգային ջանքերը անկախ լրագրության, ընդդիմադիր գործիչների եւ քաղաքացիական հասարակության ձայնը լռեցնելու ուղղությամբ, ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը Ներկայացուցիչների պալատին է ներկայացրել «Ադրբեջանի ժողովրդավարացման 2015թ ակտը» անունը կրող բանաձեւը, որը այլ սանկցիաների թվում ներառում է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին զրկել ԱՄՆ մուտք գործելու իրավունքից», - ասվում է դեկտեմբերի 16-ին ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ:
«Որպես ԵԱՀԿ անդամ-երկիր, 1992-ից ի վեր Ադրբեջանում անցկացված որեւէ ընտրություն չի համապատասխանել ԵԱՀԿ նվազագույն չափանիշերին: Նախագահի եւ պառլամենտի ընտրությունները շարունակաբար արհամարհել են ժողովրդավարական ընտրությունների անցկացման պահանջները», - գրված է բանաձեւում:
Սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր առաջարկում են Ադրբեջանի ակտը անվանել «Խադիջայի ակտ»՝ Ադրբեջանում ապօրինի բանտարկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի պատվին:
All credit to @cjcmichel, let's call this the #KhadijaAct https://t.co/mio7xj1z57
— Nate Schenkkan (@nateschenkkan) December 16, 2015
Մուտքի արտոնագրերի տրամադրման արգելքի հետ մեկտեղ բանաձեւը առաջարկում է նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ կիրառել ֆինանսական ներգործության մեխանիզմներ:
«Պատժամիջոցները կհանվեն միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի կառավարությունը ցուցադրի հիմնավոր առաջընթաց քաղբանտարկյալներին ազատելու, քաղհասարակության անդամների նկատմամբ բռնաճնշումներին վերջ դնելու եւ ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բանաձեւը առանձին հաղորդագրություններով արդեն ողջունել են Freedom House եւ Human Rights Watch ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան