Նախարարները գործուղումների կմեկնեն էկոնոմ դասի տոմսերով
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց, որ աշխատանքներ են ընթանում, որպեսզի արտասահմանյան գործողումների քաղաքականությունը փոխվի: Մասնավորապես, նախատեսվում է 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներից ներդնել տոմսերի պատվերների կենտրոնացված համակարգ:
Դ. Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրվել է այլ երկրների փորձը, առաջարկվում է երեք հիմնական մոտեցում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է հետևյալ մոտեցումը. պետական գերատեսչությունների բոլոր աշխատողները գործուղումների ժամանակ ուղևորվելու են էկոնոմ դասի չվերթներով, ընդ որում՝ գնվելու է ամենաէժան տոմսը, որը չի ենթադրում վերադարձ, ժամկետի փոփոխում և այլն:
Երկրորդ խումբ անձինք՝ նախարարները, մարմինների ղեկավարները, որոնց համար նույնպես նախատեսվում է էկոնոմ դասի տոմս՝ բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունը 8 ժամից ավելի է:
Երրորդ խմբում անվտանգության խորհրդի անդամներն են, որոնց համար նախատեսվում է բիզնես դասի տոմս:
«Սա իհարկե չի սահմանափակում, որ անձինք կարողանան գնել այլ տոմսեր, պարզապես դա չի կարող փոխհատուցվել պետական բյուջեի հաշվին»,- ասաց Դ.Հարությունյանը: