Ուջանի մանկապարտեզը կջեռուցվի արևային էներգիայով
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ու հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները` այս անգամ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում: Նախագծի շրջանակում համայնքի մանկապարտեզում տեղակայվել է արևային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգ: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի թիմը, Արագածոտնի մարզպետը, Ուջան համայնքի ղեկավարը, գյուղի բնակիչներ:
«Արդար չէ, որ տարվա ամենագեղեցիկ եղանակը՝ ձմեռը, հրճվանք չի պատճառում երեխաներին և միայն բազմապատկում է հոգսերը, հատկապես՝ մարզերում ապրող ընտանիքների համար: Մանկապարտեզն արևային էներգիայի միջոցով ջեռուցմամբ և տաք ջրով ապահովելը լավագույն լուծումն էր, քանի որ համայնքը հնարավորություն կունենա կրճատելու էլեկտրաէներգիայի ծախսերը և այդ գումարներն ուղղելու այլ կարևոր խնդիրների լուծմանը: Հարկ է նշել նաև ծրագրի բնապահպանական առավելությունները՝ օդի աղտոտման +նվազում, բնական ռեսուրսների խնայողական օգտագործում: Եվ իհարկե, լուծվել է ձմեռային շրջանում երեխաների զբաղվածության հարցը: Հույսով ենք, որ ձմեռն այսուհետև այս երեխաների համար կլինի միայն հրաշքների ակնկալիքի, հեքիաթային գեղեցկության և ջերմության ժամանակաշրջան»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մոտ 2,700 բնակիչ ունեցող Ուջան համայնքի մանկապարտեզ է հաճախում 60 երեխա: ԽՍՀՄ փլուզումից ի վեր այստեղ ձմռանը կանոնավոր ջեռուցում չի եղել, ինչի հետեւանքով ձմեռային ամիսներին մանկապարտեզը չի գործել: Այժմ արդեն մանկապարտեզը կաշխատի ամբողջ տարին ՝ անկախ եղանակային պայմաններից:
«Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում՝ արևային ջրատաքացուցիչների աշխատանքի շնորհիվ, ձմռան ամիսներին՝ ցերեկային ժամերին, ամբողջությամբ անվճար սկզբունքով ջեռուցում կտրամադրվի մանկապարտեզին: Արևային ջրատաքացուցիչները նաև մշտական տաք ջուր կապահովեն ամբողջ տարվա ընթացքում:
Գիշերային ժամերին կօգտագործվի գազի կաթսան՝ նվազագույն ջեռուցում ապահովելու նպատակով: Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի առնվազն 60%-ով տնտեսել գազի սպառումն ու կրճատել մանկապարտեզի ջեռուցման ծախսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան