Փորձում եմ հասկանալ Ձեր մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատան ծագումնաբանությունը. Փաշինյանը՝ Իշխան Զաքարյանին
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Վերահսկիչ պալատի 2014թ. տարեկան հաշվետվությունը:
Հիմնական զեկուցող, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ իրականացված վերահսկողության հիմնական արդյունքները ամփոփվել են 11 ոլորտներում:
«Այս ոլորտներն են՝ ներդրումային միջավայրը, ֆինանսները, հանրային ծառայությունների կարգավորումը, կրթությունը, առողջապահությունը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, ճանապարհաշինությունը, տեղական և տարածքային ինքնակառավարումը, ընդերքի օգտագործումը, անշարժ գույքի պետական գրանցումը»,- ասաց Ի.Զաքարյանը:
Վերջինիս հարցեր ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակացության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով՝ Վերահսկիչ պալատը Հայաստանում կոռուպցիայի, չարաշահումների դեմ միտված կարևորագույն օղակներից մեկն է:
«Ես արդեն մի քանի տարի այս դահլիճում փորձում եմ հասկանալ Ձեր մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատան ծագումնաբանությունը, որովհետև դա կարևոր է Ձեր գործունեության վստահելիության աստիճանը գնահատելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ 2013 թվականի հարցազրույցներից մեկում Ի.Զաքարյանը բացատրել է է, որ այդ տան համար անրաժեշտ գումարները տրամադրել է իր ընկերը՝ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանը, իսկ վերջինս ավելի վաղ նշել է, որ այդ գումարները տրամադրել է իր համար տուն կառուցելու համար: «Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է ստացվել, որ մարդը Ձեզ փող է ուղարկել իր համար տուն կառուցելու համար, սակայն Դուք տունը կառուցել եք Ձեզ համար»,- հետաքրքրվեց Ն.Փաշինյանը:
Ի.Զաքարյան էլ ասաց, որ իր ինքը հանգամանալից տվել է այդ հարցի վերաբերյալ պարզաբանում և Ալբերտ Բոյաթյանը ևս իր տված հարցազրույցում հանգամանալից խոսել է այդ մասին: «Ինքը հաճախակի լինում է Հայաստանում և եթե ցանկություն կա, մի օր ես կարող եմ հանգիստ կազմակերպել, որ ինքը այդ ամենի մասին շատ ուղիղ խոսի և ասի»,- պատասխանեց Զաքարյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ Իշխան Զաքարյանը շարունակաբար խուսափում է իր հարցերին պատասխանելուց. «Ալբերտ Բոյաջյանը պարտավոր չի իմ հարցերին պատասխանել, Դուք պարտավոր եք իմ հարցերին պատասխանել: Եթե այն ինչ այստեղ գրված է ճիշտ է, ապա նշանակում է, որ մարդը գումար է ուղարկել Ձեզ, որ իր համար տուն կառուցեք, բայց Դուք տուն եք կառուցել Ձեզ համար: Այստեղ ուրիշ հարց է ծագում, թե ինչո՞ւ այդ մարդը չի բողոքում: Արդյոք այն պատճառով չի բողոքում, որ Հայաստանում ինքը Ձեր օգնությամբ որոշակի օբյեկտներ է սեփականաշնորհել: Ի վերջո այս հարցին պատասխանեք: Եթե Ձեզ թվում է, որ այս հարցին չպատասխանեք, ես հաջորդ անգամ չեմ վերադառնալու այս հարցին, սխալվում եք: Մի անգամ պատասխանեք, հասկանանք անցնենք առաջ»:
Սակայն Իշխան Զաքարյանը մեկ անգամ ևս կրկնեց, որ Ալբերտ Բոյաջյանը հստակ ասել է, թե ինչի համար է տրամադրվում այդ գումարները և ինչ պետք է կառուցվի: Ինչ վերաբերում է սպորտային կառույցների սեփականաշնորհմանը, ՎՊ ղեկավարն ասաց, որ Ալբերտ Բոյաջյանը Ծաղկաձորի մարզահամալիրի մի մասը սեփականաշնորհել է այն ժամանակ, երբ մեծ գումարներ է դրել ավիրված տնտեսությունը վերականգնելու համար, իսկ հետո նոր սեփականաշնորհել է: