Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններն ու մրցանակակիրները կստանան լրավճարներ
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերին սահմանվեցին լրավճարներ: Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում:
Ինչպես նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, նշված հիմնարկներում և կազմակերպություններում աշխատող օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններին և մրցանակակիրներին, ինչպես նաև նրանց մարզիչներին նախատեսված հատկացումների հաշվին սահմանվում են ամսական լրավճարներ: Մասնավորապես, օլիմպիական խաղերի չեմպիոններին` 100 հազար դրամ, օլիմպիական խաղերի չեմպիոնների մարզիչներին` 50 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալու օրվանից 4 տարի ժամկետով, օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր մարզիկներին` 80 հազար դրամ, իսկ նրանց մարզիչներին` 40 հազար` նրանց սաների մրցանակակիր դառնալու օրվանից 2 տարի ժամկետով: Օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար սահմանվել է 60 հազար դրամ լրավճար, իսկ նրանց մարզիչներին` 30 հազար` նրանց սաների մրցանակակիր դառնալու օրվանից 1 տարի ժամկետով, աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներին` 80 հազար դրամ, իսկ նրանց մարզիչներին` 40 հազար` նրանց սաների չեմպիոն դառնալու օրվանից 2 տարի ժամկետով:
Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկներին սահմանվել է 60 հազար դրամ լրավճար, նրանց մարզիչներին` 30 հազար, նրանց սաների չեմպիոն դառնալու օրվանից 1 տարի ժամկետով, աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրներ դարձած մարզիկներին` 40 հազար դրամ, իսկ նրանց մարզիչներին` 20 հազար` նրանց սաների մրցանակակիր դառնալու օրվանից 1 տարի ժամկետով:
ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչների պաշտոնային դրույքաչափին սահմանվում է լրավճար՝ 10 հազար դրամի չափով, իսկ սպորտի վաստակավոր վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային սպորտի վարպետի կամ գրոսմայստերի մարզական կոչում ունեցող, մասնագիտությամբ աշխատող մասնագետների համար նրանց պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է լրավճար` 1 300 դրամի չափով:
Նախագծով առաջարկվում է պահպանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների աշխատանքի համար լրացուցիչ վարձատրություն ստանալու երաշխիքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան