ԱԺ-ն քննարկում է վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան ծրագիրը
ՀՀ Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց ՀՀ վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան ծրագիրը:
Հիմնական զեկուցող, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ ծրագրում ամրագրել են մեկ կարևոր սկզբունք:
«Դա այն է, որ բոլոր ոլորտները, որտեղ Վերահսկիչ պալատի խորհուրդը նպատակահարմար է գտել վերահսկողություն իրականացնել, հստակ նշված են ըստ ծրագրերի: Կարող ենք ասել, որ առաջին անգամ 100 տոկոսով կարողացել ենք ներկայացնել վերահսկողության բոլոր ոլորտներն ըստ ծրագրերի»,- ասաց Իշխան Զաքարյանը:
Ըստ նրա՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, տրանսպորտի և կապի նախարարության, պաշտպանության նախարարության, ոստիկանության համակարգի, ՏՄՊՊՀ-ի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գյուղատնտեսության նախարարության, սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից իրականացվող բոլոր ծրագրերն ընդհանուր առմամբ 11-ն են, որոնք կլինեն վերահսկողության տակ:
«Մենք վերահսկողության տակ ենք պահելու այն թեմաները, որոնք նախորդ տարիներին չեն եղել վերահսկողության տակ կամ եղել են շարունակական ծրագրեր»,- ասաց Ի. Զաքարյանը: