Կարեն Դուրգարյանն այլևս օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը չէ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են ստեղծագործական որակի բարձրացմանը, ստեղծագործական թևի առավել լավացմանը: Փոփոխությունների առաջարկն արել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վահագն Զաքարյանը:
Նա նշեց, որ փոփոխությունների թվում է նաև թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքի կրճատումը. «Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում այլևս կրճատվել է գլխավոր դիրիժորի պաշտոնը: Թատրոնում այլ գլխավոր դիրիժոր չի լինելու: Սա ընդունված տարբերակ է շատ թատրոններում»:
Նշենք, որ 2001 թվականից Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:
«Թատրոնն այսօր ունի երեք դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, Հարություն Արզումանյան, Ռուբեն Ասատրյան: Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես դիրիժոր, քանի որ նրա կատարած աշխատանքը, մասնագիտական կարողությունները շատ բարձր են գնահատվում»,- ասաց Վ.Զաքարյանը: