Գերմանացի դիրիժոր. Երաժշտությունը կարող է օգնել ավելի մոտ լինել այն ամենին, ինչ տեղի է ունեցել
Գերմանացի դիրիժոր Կլաոս Ալբերտ Բաուերի հայրն առաջին անգամ լսելով կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը, հուզվել է, մեծ տպավորություններով դուրս է եկել դահլիճից: Նա պատմել է իր տղային այդ ստեղծագործության մասին, ով նոտաներն ուսումնասիրելուց հետո շատ է ցանկացել կատարել այն: Այս տարի Կլաոս Ալբերտ Բաուերը Ֆրանկֆուրտում երկու անգամ կատարել է «Ռեքվիեմ»-ը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այսօր նա Հայաստանում է: Այցի նպատակը մեկն է՝ ներկա գտնվել այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգի, որի ընթացքում հնչելու է նաև «Ռեքվիեմ»-ը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դիրիժորն ինքը պատմեց, թե ինչպես է իմացել այս ստեղծագործության մասին և ինչու է եկել Հայաստան:
Նա նշեց, որ ինքը գերմանացի է և իր երկրում էլ տեղի է ունեցել Ցեղասպանություն:
«Երբ իջա ձեր օդանավակայան, տեսա պաստառ՝ վրան պատկերված էր կարմիր գլխարկով, բեղավոր մի մարդ, գրված էր 1915 թվական, այնուհետև ներկայացված էր Հիտլերի ծաղրանկարը, գրված էր 1939 թվական: Գրություն կար՝ եթե մենք ճիշտ հիշեինք, միգուցե կանխեինք հաջորդը: Էական է հիշել այն, թե ինչ է տեղի ունեցել: Ես իմ երկրում զգացել եմ, որ մենք բավականաչափ չենք հիշում, ի տարբերություն ձեզ»,- ասաց գերմանացի դիրիժորը:
Նա նաև նշեց, որ այն ինչ տեղի է ունեցել, սարսափելի է, դժվար է արտահայտել երաժշտությամբ, բայց երաժշտությունը կարող է օգնել ավելի մոտ լինել այն ամենին, ինչ տեղի է ունեցել:
«Երաժշտությումը դիպչում է մեր զգացմունքներին, անասելի զգացողություններ են առաջանում, ինչ որ բան է տեղի ունենում քո ներսում: Այդ առումով էական ու կարևոր է, որ «Ռեքվիեմ»-ը նվիրված է զոհերին, քանի որ այն իսկապես այլ կերպ ենք լսում»,- ասաց Կլաոս Ալբերտ Բաուերը: