
Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով Զարգացման ֆրանսիական գործակալությունը կտրամադրի 75 մլն եվրոյի վարկ
Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է կնքել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ» վարկային համաձայնագիր: Գործադիրն այսօրվա նիստում համաձայնություն է տվել համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմել սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը:
Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը` կողմնորոշիչ, ֆիքսված է ավելացրած/պակասեցրած ինդեքսային դրույքաչափի տատանման չափով, որը տեղի է ունեցել վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվի և տոկոսադրույքի սահմանման ամսաթվի միջև (չի կարող գերազանցել 6.25%-ը և չի կարող պակաս լինել 0.25%-ից)