Տիգրան Մանսուրյանի երազանքը
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեք ստեղծագործություն ունի գրած՝ «Ռեքվիեմ», «Ո՞ւր է, Աբել, եղբայրը քո», «Երեք արիա՝ երգելու Արարատին բացված պատուհանից»:
Մաեստրոյի երազանքն է եղել, որպեսզի այս տարվա ընթացքում երեք ստեղծագործությունները մեկ համերգի ընթացքում կատարվեն: Սակայն…
«Իմ երազանքն էր, որ այս տարի երկու կոնցերտը և «Ռեքվիեմ»-ը ներկայացվեին մեկ համերգի շրջանակում: Մի բան է՝ դու իբրև հեղինակ երազում ես, ծրագրում ես, այլ բան է, երբ մարդիկ ավելի լայն հայացքով են նայում իրադարձություններին, ուրիշ որոշում են կայացնում: Որոշում եղավ, որ համերգը լինի հրապարակում, ու ոչ թե սգո համերգ, այլ ապրելուն, մեր գոյությունը շարունակական դարձնելուն ուղղված երաժշտական երեկո: Իմ կարծիքով, դա էլ էր գեղեցիկ: Մի տարի առաջ ես հայտնել էի իմ ցանկությունը մի քանի կարևոր օղակներում: Այսքանը համարել եմ բավական է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Մանսուրյանը:
Հայաստանում «Ո՞ւր է, Աբել, եղբայրը քո» թավջութակի կոնցերտը երբևէ չի հնչել:
Ասուլիսին ներկա Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն ասաց, որ պատրաստ է կատարել Տ.Մանսուրյանի գրած բոլոր ստեղծագործությունները, հաջորդ տարվա ընթացքում Տ. Մանսուրյանի երազած համերգը կկազմակերպեն:
«Քանի մենք ունենք Տիգրան Մանսուրյան, պետք է երջանիկ լինենք, որ մեզ հետ է ապրում: Մեր պարտքն է, նաև մեծագույն հաճույք է կատարել նրա ստեղծագործությունները: Մենք ամբողջ ազգով ունենք միակ «Ռեքվիեմ»-ը՝ գրված Մանսուրյանի կողմից, որը հանճարեղ ստեղծագործություն է»,- ասաց Ռ.Մլքեյանը:
Տիգրան Մանսուրյանը պատմեց, որ այս տարվա ընթացքում Մեխիկոյում կայացած փառատոնի ընթացքում Ռ.Մլքեյանի ղեկավարությամբ հնչել է իր գրած «Ռեքվիեմ»-ը, չնայած այն դժվարություններին, որ ստեղծել է Մեքսիկայում Թուրքիայի դեսպանությունը. «Թուրքական դեսպանատան կողմից մեծ ճնշում է եղել, որ փառատոնի ընթացքում չհայտարարվի, որ այս ստեղծագործությունը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կամ առհասարակ չհնչի: Մեծ ջանքեր են գործադրել Մեքսիկայում Հայաստանի դեսպանատունը, հայ հասարակական գործիչները: Ինձ բացատրում էին, որ Մեքսիկայի իշխանություններն առևտրական մեծ կապեր ունեն Թուրքիայի հետ, և Թուրքիայի դեսպանատունը ճնշումներ էր գործադրում հենց այս իրողությունը հաշվի առնելով: Բայց, ի վերջո, հնչեց «Ռեքվիեմ»-ը»»:
Ֆրանկֆուրտում այս տարի երկու անգամ հնչել է այս ստեղծագործությունը, հայտարարվել է, մեծ տառերով գրվել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին է նվիրված:
«Ո՞ւր է Աբել եղբայրը քո» թավջութակի համար գրված կոնցերտը այն օրը, երբ Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցել Վատիկանում, հնչել է Վենետիկում՝ Վենետիկի սիմֆոնիկ նվագախմբի և նշանավոր թավջութակահարի կատարմամբ.
«Ես սիրահարված էիր այդ թավջութակահարի նվագին, ամեն ինչ արեցի, որ ինքը նվագի այդ կոնցերտը: Ուզում եմ, որ միան նա կատարի»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան