Կարեն Դուրգարյանը հրաժարվել է օպերայի և բալետի թատրոնում աշխատել որպես դիրիժոր
ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը հրաժարավել է հանդես գալ որպես դիրիժոր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին տեղեկացնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը: Փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի կողմից, որը արժանացել է թատրոնի ղեկավարության հավանությանը: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու:
Թատրոնն այսօր ունի երեք դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, Հարություն Արզումանյան, Ռուբեն Ասատրյան: Իտալացի նշանավոր դիրիժոր Ջանլուկա Մարչանոն թատրոնի հետ կշարունակի իր համագործակցությունը հրավիրյալ դիրիժորի կարգավիճակով: Առաջիկայում նախատեսված է նաև այլ հրավիրյալ դիրիժորների հետ համագործակցություն նույնպես: ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես թատրոնի դիրիժոր, սակայն վերջինս հրաժարվել է»:
Նշենք, որ 2001 թվականից Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին