ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն դեմ քվեարկեցին «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի նախագծի հատուկ կարգի ռեժիմին
ՀՀ Ազգային ժողովում այսօր քվերակության դրվեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունելու հարցը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրենքի հետ կապված ներկայացրել են առաջարկներ՝ երկրորդ ընթերցումը տեղափոխելու հաջորդ քառօրյա, որպեսզի այդ ընթացքում աշխատանքներ տարվեն:
«Սակայն Կառավարության կողմից բացատրություն չեղավ: Դուք ունե՞ք որևէ տեղեկատվություն, թե ինչո՞վ է պայմանավորված այս հրատապությունը և հնարավո՞ր է, որ հաջորդ տարեսկզբին կառավարությունն առաջարկ ներկայացնի»,- ասաց Ա.Մինասյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մինչ քվեարկությունը հայտնեց, որ գաղափարը նախագծի լավն է, բայց փաստաթուղթը բավականին փնթի է կազմված:
«ԲՀԿ-ն նույնպես խնդրեց, որ նախագիծը հետ տանեն և լավ գաղափարը նման փնթի կերպով չներկայացնեն: Մենք դեմ ենք նման հրատապության կարգով երեք ընթերցում կազմակերպելուն: Բնականաբար, հատուկ կարգի ռեժիմին քվեարկում ենք դեմ»,- նշեց Ն.Զոհրաբյանը:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ՕԵԿ-ը նույնպես առաջարկել է հետաձգել քվերակությունը:
«Մեր գործընկերների մտահոգությունը տեղին է, որ այս օրենքը պետք է լրջագույնս քննարկվի: Չկա նաև պատասխան այն կարևոր առաջարկությանը, թե ի վերջո գյուղատնտեսական տնտեսությունները գյուղմթերքներ արտադրելուց ազատվա՞ծ են բոլոր տեսակի հարկերից, թե ոչ»,- ասաց Հ.Մարգարյանը:
Այդուամենայնիվ, որոշումն ընդունվեց 58 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան