ԱՓՇԱՏԿ-ը կհամակարգի կրթական խոշոր ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը
«Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամը մեծ ներդրում է ունեցել մեր երկրի` Բոլոնիայի քարտուղարության ղեկավարության ստանձնման աշխատանքներում: Այս մասին նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն՝ այսօր ԱՓՇԱՏԿ-ի հոգեբարձուների խորհրդի հերթական` 23-րդ նիստի ժամանակ: Հայտնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից:
«Բոլոնիայի քարտուղարությունը բավական բարձր է գնահատել Հայաստանի` նախորդ երեք տարիներին քարտուղարության ղեկավարման աշխատանքները և աշխատակիցների ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, որի ապացույցն է քարտուղարության ղեկավարությունը ստանձնած Ֆրանսիայից ստացված հրավերը ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանին` առաջիկա երեք տարիներին աշխատել Բոլոնիայի քարտուղարության կազմում: Հետևաբար, Հայաստանը կշարունակի ներգրավված լինել եվրոպական բարձրագույն կթական տարածքի համակարգման գործընթացներում»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Խորհրդի օրակարգում քննարկվել է նաև «ՀՀ կրթական համակարգի և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացում» ծրագրի նախագծի ներկայացումը:
«Ներկայիս դարաշրջանում կրթական մշակույթի մի մաս է տվյալ երկրի կրթական նվաճումները միջազգային հարթակներում ներկայացնելը, որոնք դառնում են կրթական ծառայությունների հանրայնացման, տեղեկացվածության մակարդակի բարձրացման լավագույն գործիքները: Այս ընթացքում Հայաստանը` որպես առանձին երկիր, կրթական տաղավար չի ունեցել. աշխարհի ամենախոշոր կրթական ցուցահանդեսներին մասնակցել են առանձին բուհեր: Ժամանակն է, որ մեր երկրի լավագույն կրթական ծրագրերի մասին իմանան նաև դրսում: Վստահաբար, Հայաստանն ունի այնպիսի հետաքրքիր կրթական ծրագրեր, որոնք կարող են հավուր պատշաճի ներկայացվել միջազգային հարթակներում, օրինակ` Դիլիջանի միջազգային դպրոցը, «Շախմատը դպրոցում» ծրագիրը և այլն: Բացի այդ, ներկայիս միջազգայնացման միտումների մեջ կարևորվում է օտարերկրյա ուսանողների համար գովազդային, տեղեկատվական հնարավորությունների ստեղծումը և նպատակային ցուցահանդեսների անցկացումը հատկապես այն երկրներում, որտեղից ՀՀ բուհերում սովորել ցանկացող օտարերկրյա ուսանողների թիվը մեծ է»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ցանկալի է տարվա կտրվածքով ընտրել 2 տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներ /օրինակ, Կենտրոնական Ասիան, ԱՊՀ կամ Եվրոպա/, որոնք նպատակահարմար կլինեն մասնակից երկրների կազմով և կհամապատասխանեն նախանշված բյուջենին:
Նման խոշոր ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցության հարցը կհամակարգի ԱՓՇԱՏԿ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են