Ա.Դավթյան. Նախագահների հանդիպումից պետք չէ սպասել բեկումնային փոփոխություններ
«Աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն իրար հետ փոխկապակցված են, բայց բավականին լավ իմանալով մեր հարևանին, գիտենք, որ նախագահների հանդիպումներից առաջ կամ հետո շփման գծում լարում են իրավիճակը, դիվերսիոն գործողությունների են դիմում: Դա ադրբեջանական իշխանության քաղաքականությունն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճը պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերություններով:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայում դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ըստ Ա. Դավթյանի, հակառակորդը ընտրել է շանտաժի ճանապարհը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել, որ սկսելու է պատերազմական գործողություններ:
Նրա խոսքով, ադրբեջանական այսօրվա քաղաքականության պարագայում՝ սրել իրավիճակը շփման գծում, հայկական կողմին այլ ելք չի մնում, քան արժանի հակահարված տալ ու մի բան էլ ավելին:
Ա.Դավթյանի խոսքով, նախագահների հանդիպումը նվազեցնում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների կամ պատերազմի վտանգը, քանի որ բանակցությունների, հանդիպումների այլընտրանքը պատերազմն է:
«Հանդիպումից պետք չէ սպասել որոշ բեկումնային փոփոխություններ, կարծես թե դրա լավատեսությունը չկա»,- ասաց քաղաքական գործիչը:
Նրա կարծիքով, հանդիպման ընթացքում առաջնային քննվող հարցերը լինելու են շփման գծում լարված իրավիճակը, դիվերսիոն փորձերը, զոհերը:
«Հայկական կողմը ևս մեկ անգամ կբարձրացնի, որ չի կարելի և բանակցել, և պատերազմել, պետք է նման տիպի քաղաքականության վերջը դրվի և բանակցությունների համար հիմքեր ստեղծվի»,- ասաց Ա.Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում