Միայն կին հեղինակների գործեր՝ «Սաֆո» մատենաշարում
Բրիտանացի գրող Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» գրքի հայերեն առաջին թարգմանությունը շուտով կներկայացվի ընթերցասեր հայ հասարակությանը: Այն լինելու է «Դարակ» հրատարակչության առաջին գիրքը և հրատարակչության նախաձեռնած «Սաֆո» մատենաշարի առաջին գիրքը: Թարգմանիչն է Մանիկ Եգանյանը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Դարակ» հրատարակչության հիմնադիր/խմբագիր Աշոտ Գաբրիելյանը:
Նա տեղեկացրեց, որ մատենաշարում ընդգրկված են լինելու միայն կին գրողների ստեղծագործություններ:
«Գրքերը ֆեմինիստական ուղղվածություն ունեն: Գրականության միջոցով շեշտելու ենք կնոջ և տղամարդու իրավահավասարության խնդիրները: Մեր հասարակության մեջ կնոջ և տղամարդու իրավահավասարության խնդիրն առկա է: Իրավական դաշտում կարծես թե չլուծված հարցեր չկան, օրենքով ամեն ինչ հստակ սահմանված է: Բայց հայ ընտանիքներում, փողոցում, հասարակության մեջ տեսնում ենք, որ իրավահավասարության խնդիր կա, միշտ չէ, որ կնոջ իրավունքները պաշտպանված են»,- ասաց նա:
Վիրջինիա Վուլֆն «Սեփական սենյակը» աշխատանքը գրել է 1928 թվականին որպես դասախոսություն, արդյունքում ստացվել է գեղարվեստական շատ լուրջ գործ: Տպագրվել է 1929 թվականին:
Մատենաշարի երկրորդ գիրքը լինելու է Վիրջինիա Վուլֆի «Ալիքները» վեպը: Գրքերը թարգմանվում են հայերեն բնօրինակից:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մատենաշարում ընդգրկվելու են նաև հայ կին հեղինակների գործեր, Ա.Գաբրիելյանն ասաց, որ այս մատենաշարի մեջ չեն լինի, բայց հետամուտ են լինելու նաև հայ կին հեղինակների գործերի հրատարակմանը, թեև առաջիկա պլանների մեջ դեռ չկա:
Վիրջինիա Վուլֆ «Սեփական սենյակը»
Posted by Darak Publishing House / «Դարակ» հրատարակչություն on Thursday, 17 December 2015
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա