Ադրբեջանի համար վատթարագույն տարբերակը Ռուսաստանի ռազմական միջամտությունն է Արցախում. Սերգեյ Մինասյան
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով` այն մտավախությունները, որ ռուս-թուրքական լարվածությունը կարող է տեղափոխվել Արցախ, հիմնավոր չեն մի քանի առումներով: Նախ և առաջ ըստ քաղաքագետի` ռուս-թուրքական հակամարտությունն ընթանում է Մերձավոր Արևելքի տարածքում, որը պատմական և քաղաքական գործոններից ելնելով խիստ կարևոր է Անկարայի համար:
«Նման կարևորություն ԼՂ հիմնահարցը երբևիցե չի ունեցել և ներկայումս էլ չունի»,-հայտարարեց նա՝ «Նովոստի Արմենիա» միջազգային լրատվության գործակալության կողմից ստեղծված փորձագետների ակումբի առաջին նիստում:
Բացի դրանից ըստ քաղաքագետի` դեպքերի նմնա զարգացումը առանձնապես ձեռնտու չէ նաև Բաքվի վարչակազմի համար այն առումով, որ Ադրբեջանի համար իրադարձությունների վատթարագույն տարբերակը կարող է հանդիսանալ Ռուսաստանի ուղղակի ռազմական միջամտությունը Արցախում:
Ս. Մինասյանի կարծիքով` Բաքվի վարչակազմը բոլոր հնարավոր մեթոդներով կխուսափի այն իրավիճակից, որի պայմաններում Մոսկվան կարող է Արցախում իր ռազմական միջամտությունը ընկալել որպես Անկարայի անուղղակի հարված:
Փորձագետը նաև շեշտեց, որ Ադրբեջանում ներկայումս տեղի է ունենում ներքաղաքական նշանակալի զարգացումներ, որոնք վկայում են այն մասին, որ Բաքվի վարչակազմը կանգնած է լուրջ խնդիրների առջև: Դրա ամենավառ օրինակը ըստ քաղաքագետի` Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության լուծարումն է և դրա 250-300 աշխատակիցների ձերբակալությունը:
Սերգեյ Մինասյանի խոսքով` Ադրբեջանում ներքին իրադրության սրումը նշանակալիորեն կապված է նավթի վաճառքից ստացվող եկամուտների զգալի կրճատմամբ, ինչի արդյունքում Ադրբեջանի իշխանությունները զրկվել են հասարակության հանդուրժողականությունը նախկինի պես գնելու հնարավորությունից: