Փաստաբան. Արա Բուդաղյանի գործով կեղտոտ տեխնոլոգիա է կիրառվում
«Արա Բուդաղյանի գործով նոր միտումներ կան և շատ մտահոգիչ: Մեզ հասած տեղեկություններով, նախաքննական մարմինը փորձում է անօրինական ճանապարհներով ապացույցներ ձեռք բերել Արա Բուդաղյանի դեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բուդաղյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին. ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանը և Արա Բուդաղյանը:
Ալումյանը նշեց, որ Արա Բուղադյանին կալանավորելը, մեղադրանք առաջադրելը եղել է առանց որևէ փաստական հիմքի. «Մենք անընդհատ այս մասին բարձրաձայնում էինք, այս հանգամանքը շեշտում էինք, ներկայացնում էինք դատարաններում այն «հիմքերը», որոնցով քննիչները փորձում էին Արա Բուդաղյանի առնչությունը դեպքի հետ հիմնավորել, ցույց էինք տալիս, որ Արա Բուդաղյանի մեղավորություն մատնանշող որևէ փաստ, ապացույց գոյություն չունի: Այդ պատճառով, մեզ հասած տեղեկություններով, նախաքննական մարմինը փորձում է անօրինական ճանապարհներով ապացույցներ ձեռք բերել Արա Բուդաղյանի դեմ»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա, կա կեղտոտ տեխնոլոգիա, որը հաճախ չի կիրառվում, բայց կիրառվում է. «Մեղադրյալներից որևէ մեկին խոստանում են, որ իրեն կարող են ազատ արձակել կամ մեղադրանքը փոխել մեղմով՝ պայման դնելով, որ ցուցմունք տա մեղադրյալներից մյուսի նկատմամբ: Հիմքեր ունեմ ասելու, որ այս գործով նման տեխնոլոգիա է կիրառվում. կեղծ ցուցմունք տալ Արա Բուղադյանի դեմ, որի դիմաց խոստացել են ազատ արձակել: Իսկ ի՞նչ ձևով են խոստացել ազատ արձակել: Նշանակված դատաբժշկական փորձաքննությունը, ամենայն հավանականությամբ, եզրակացություն է տալու, որ այս անձն այլևս առողջական վիճակից ելնելով հնարավորություն չունի գտնվել կալանքի տակ, ազատ են արձակելու՝ պայմանով, որ միշտ ցուցմունք տա Արա Բուդաղյանի դեմ: Սա ակնհայտ անօրինական տեխնոլոգիա է: Այս ձևով ցանկացած քրեական գործ կարելի է սարքել ցանկացած մարդու գլխին: Միշտ էլ կգտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր իրենց սեփական ազատության համար պատրաստ են մրոտել ցանկացած մեկին: Հարց է առաջանում. եթե այն մեղադրյալի առողջական վիճակը այդքան վատ էր, ինչո՞ւ վաղուց արդեն դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել ու ազատ չի արձակվել, սպասել են Արա Բուդաղյանի դեմ ցուցում տա, նոր ազատ արձակեն: Եթե առողջական վիճակը թույլ է տալիս գտնվել անազատության մեջ, ինչու են փորձում նրան այս արհեստական եղանակով ազատել՝ դնելով Արա Բուդաղյանի դեմ ցուցմունք տալու պայմանը: Ամեն ինչ ակնհայտ է, այստեղ գնում է առևտուր՝ մարդուն ստիպում են, շանտաժ են անում՝ պայման դնելով, որ կամ ցուցմունք կտաս և դուրս կգաս, եթե ցուցմունք չես տա, կմանաս այնքան ժամանակ, քանի դեռ դիրքորոշումդ չես փոխել: Խոսքը մեղադրյալ Գարեն Աթաջանյանի մասին է»:
Ալումյանի կարծիքով, այս պլանը կիրականացվի Նոր տարվա տոների ընթացքում կամ նախաշեմին, երբ հասարակության ուշադրությունն ավելի շուտ այլ բաների շուրջ է:
Փաստաբանի խոսքով, իրենց մտահոգում է այն հանգամանքը, որ նախաքննության ընթացքում չի ստուգվում, անտեսվում է այն վարկածը, որ սա ոչ թե մահափորձ է եղել, այլ մահափորձի նմանակում:
«Գործում կային որոշակի տվյալներ, որոնք հիմք էին տալիս ստուգելու այս վարկածը: Քննիչները պարտավոր էին այս ուղղությամբ քննություն կատարել: Այս ուղղությամբ մեր միջնորդությունները մերժվեցին անհիմն պատճառաբանությամբ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արա Բուդաղյանը կալանքի տակ է առանց որևէ հիմքի. Հայկ Ալումյան
- Բուդաղյանի նկատմամբ կայացրած որոշումների մեջ ամեն ինչ գլխիվայր շուռ տված է. փաստաբան (տեսանյութ)
- Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով դատավարական գործողությունները մեկը մյուսից անօրինական են. Փաստաբան
- «Լիսկայի» դեմ մահափորձի գործով փաստաբանը միջնորդում է պաշտպանության միջոց տրամադրել Ավագյանի ընտանիքին
- Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալվել է Արա Բուդաղյանը և ևս 3 անձ. ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան