Նախագահների հանդիպումից ռեալ տեղաշարժ չեմ սպասում. Քաղաքագետ
Թեպետ շվեյցարական Բեռնում դեկտեմբերի 19-ին սպասվում է Սարգսյան-Ալիև հանդիպում, այդուհանդերձ Ադրբեջանի իշխանությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դեռևս պատրաստ չեն: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 18-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Նախագահների հանդիպումից ռեալ տեղաշարժ չեմ սպասում, որովհետև տեսնում եմ, որ բանակցային գործընթացը փակուղում է», -ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով, վերջին օրերի սահմանային ակտիվությունը և հակառակորդի ծավալած դիվերսիոն փորձերը անմիջական կապ ունեն սպասվող հանդիպման հետ և նախագահների մակարդակով հանդիպման արդյունքում սահմանային լարվածության թուլացման հնարավոր պայմանավորվածությունը կարող է հենց հանդիպման ձեռքբերում լինել:
«Վերջին օրերի սահմանային ակտիվությունը միանշանակ պետք է կապել նախագահների սպասվող հանդիպման հետ կամ ավելի ճիշտ, Իլհամ Ալիևի խուսափողական քաղաքականության հետ: Ադրբեջանի ղեկավարության բոլոր քայլերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահը չի ցանկանում շարունակել բանակցային գործընթացը կամ փորձում է ձգել գործընթացը մինչև տարածաշրջանում իրադարձային փոփոխություններ կլինեն: Այսինքն, երբ բանակցող կողմերից մեկը չի ուզում խոսել, այդ պարագայում դժվար է որևէ սպասելիքներ ունենալ, բացի հերթական հանդիպումից: Փաստացի պետք է լինելու որոշակի նոր մեխանիզմներ, նոր դիրքորոշում, որը կմեղմացնի կամ վերահսկելի կդարձնի սահմանում տիրող իրավիճակը, չեզոքացնել սպառնալիքները: Եթե դա կհաջողվի անել, ապա դա կլինի այն միակ ձեռքբերումը, որը կարելի է սպասել այս պահին», -մեզ հետ զրույցում ասաց Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը չի կարծում, թե Ալիևը հեշտ է համաձայնել Սարգսյանի հետ հանդիպմանը, որը կայանալու է ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Նրա խոսքով, նախագահների մակարդակով հանդիպումը նախապատրաստվում էր դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, որին ընդառաջ մի քանի անգամ արտգործնախարարների մակարդակով հանդիպում կայացավ:
Հիշեցնենք` Սարգսյան-Ալիև հանդիպումը վերջին անգամ կայացել էր 2014 թվականի հոկտեմբերի 27-ին, Փարիզում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան