Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի «Ծրագրավորման ժամ» միջազգային միջոցառումը
«Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը: Այս մասին հայտնում են «Այբ» ավագ դպրոցի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Ծրագրավորման ժամը» միջազգային ձևաչափի միջոցառում է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս խաղերի միջոցով հեշտությամբ սովորելու ծրագրավորման տարատեսակ լեզուներ, ինչպես նաև զարգացնելու տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: «Ծրագրավորման ժամը» համախմբում է ավելի քան 100 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրի շուրջ 45 000 դպրոցներից:
Հայաստանում «Ծրագրավորման ժամը» կազմակերպվում է երկրորդ անգամ։ Անցյալ տարի միջոցառումը համախմբել էր ավելի քան 150 մասնակցի՝ ՀՀ տարբեր դպրոցներից: Հետաքրքրությունն այս միջոցառման նկատմամբ գնալով մեծանում է: Այս տարի միջոցառմանը գրանցվել է 250-ից ավելի մասնակից Հայաստանի տարբեր դպրոցներից:
«Այսօր ծրագրավորումը հասանելի է բոլորին: «Hour of Code»-ի նպատակն է զարգացնել ծրագրավորման մտածողություն` անկախ մասնագիտությունից, լինես բանասեր, նկարիչ, թե իրավաբան: 2014-ին անցկացված առաջին «Hour of Code»-ը ցույց տվեց, որ նման նախաձեռնությունները համախմբում և ոգևորում են բազմաթիվ պատանիների: «Այբ» դպրոցը խրախուսում է նորարար ձևաչափերը և համարում նման ծրագրերի իրականացումը մեծ ներդրում ապագա սերնդի կրթության և զարգացման հարցում», - ասել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:
«Այսօր տեխնոլոգիաները շոշափում են կյանքի բոլոր կողմերը՝ սկսած հեռախոսներից մինչև մեքենաներ, բժշկությունից մինչև առօրյա։ Այդ իսկ պատճառով շատ երկրների դպրոցներում ծրագրավորման առարկան դասավանդվում է կենսաբանության, մաթեմատիկայի ու գրականության հետ միասին: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կարևորում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է դպրոցական հասակից երեխաներին ցույց տալ, որ բացի տեխնոլոգիական արտադրանքներ օգտագործելուց նաև կարևոր է իմանալ, թե ինչպես են ստեղծվում դրանք», - նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:
«Ծրագրավորման ժամ» միջոցառմանը կարող են մասնակցել նոր տեխնոլոգիաներով, խաղերով և ծրագրավորմամբ հետաքրքրվող բոլոր անձինք՝ անկախ տարիքից: Ծրագրավորման որևէ լեզվի իմացություն պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: Մասնակիցների գրանցումն ավարտվել է դեկտեմբերի 13-ին:
Այս տարի, բացի ծրագրի ավանդական մասից, սպասվում է նաև ռոբոտների ցուցադրություն: Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն աջակցում է «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը՝ ապահովելով գերարագ ինտերնետ կապով:
Միջոցառման «համեղ» գործընկերն է «Menu.am»-ը:
Միջոցառման աջակիցներն են նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «PicsArt» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա