Մեզ համար պարզ է` Պերմյակովը սատանիստ է. Փաստաբան Լուսինե Սահակյան
Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մասով պարզվել է, որ Վալերի Պերմյակովը սատանիստ է և հարում է սատանիստական խմբին: Այդ մասին այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավարության ժամանակ հայտարարեց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը:
Մինչ այդ մյուս ներկայացուցիչ-փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրեց տվյալներ, որոնց համաձայն Վալերի Պերմյակովը սատանիստական թեմաներով գրառումներ է կատարել սոցիալական ցանցերում, նա նաև մի քանի հոգուց կազմված խմբի անդամ է եղել: Փաստաբանը նաև ասաց, որ իրենք միջնորդություն են ներկայացրել նախաքննական մարմնին, սակայն իրենց միջնորդությունը մերժվել է:
«Ի՞նչ պատահեց, որ երբ հարցը հասավ մանկահասակների սպանությանը, առավել ևս` վեց ամսական երեխայի սպանությանը, ի՞նչ պատահեց, որ այն պայմաններում, երբ զենքի մեջ կային փամփուշտներ, ինքը սպանությունը կատարեց սվին դանակով: Անձը սատանիստ է, սատանիստական գաղափարներ ունեցող անձը կարող է սվին դանակով կատարել այդ սպանությունը` իր տիրոջը մանկահասակ երեխային հանձնելու համար: Սա շատ կարևոր շարժառիթ է: Մեզ համար պարզ է` նա սատանիստ է», -հայտարարեց տիկին Սահակյանը:
Մյուս ներկայացուցիչ-փաստաբան Երվանդ Վարոսյանը փորձեց հետաքրքրվել, թե արդյոք մեղադրանքը պաշտպանող դատախազը տեղյակ է և արդյոք քննարկվե՞լ է սատանիստական նպատակներով սպանությունը կատարելու շարժառիթը:
Դատավոր Հարություն Մովսեսյանը դատախազին հնարավորություն տվեց, և վերջինն ասաց, որ սույն քրեական գործով հիմնավորվել է, որ մեղադրյալը Ավետիսյանների ընտանիք ներխուժել է ավազակային հարձակում կատարելու շարժառիթով:
Իրավահաջորդների ներկայացուցիչները մեղադրող դատախազին բացարկ չհայտնեցին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին