
Հայաստանն ու Բելառուսը կհամագործակցեն վերելակաշինության ոլորտում
Հայաստանը հարուստ է ոչ մետաղական հանքանյութերով, բնական քարերի բազմապիսի տեսակներով, որոնց կիրառմամբ կարելի է իրականացնել սեյսմակայուն և էներգախնայողունակ շինարարություն: Այս մասին նշել է քաղաքաշինության նախարարության ծրագրային առաջնահերթությունները, նախարար Նարեկ Սարգսյանը Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին ընդունելու ընթացքում:
Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեսպան Ի. Նազարուկին անդրադարձել է Բելառուսի հաջողություններին շինարարական տեխնոլոգիաների և վերելակաշինության ոլորտում, անդրադառնալով նաև այդ բնագծում համագործակցության հնարավորություններին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել քաղաքաշինության բնագավառում գործնական համագործակցություն ծավալելու և գործնական հիմքի ներքո երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ծրագրային փաթեթ պատրաստելու վերաբերյալ:
Հանդիպման ավարտին վերստին շեշտելով հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ կատարելիք աշխատանքների կարևորությունը, զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների ակտիվացման, առկա ռեսուրսների լիարժեք օգտագործման, ԵՏՄ շրջանակում համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ: