Սոնոգրաֆիա են անում, գրում են՝ кишечник, չգիտեմ ինչ, էս ի՞նչ ա. Փաշինյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Դեղերի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ նախագծի նպատակն է դեղերի մատչելիությունը, բայց քննարկվող նախագծով մի կողմից հենակետային գին են սահմանում՝ հիմնական դեղերի համար, մյուս կողմից դեղերի վաճառքով զբաղվողներին օժտում են նոր ծախսերով, որը կարող է բերել դեղերի գնաճի:
«Այս պրոցեսում մտավախություն չունե՞ք, որ սրա արդյունքում կլինի մոնոպոլացում, քանի որ եթե դեղի վաճառքով զբաղվողի ծախսերը մեծանում են, եկամուտները` քչանում, նշանակում է, որ զարտուղի ճանապարհներ պետք է լինեն: Ես մտածում եմ, որ կարելի է այս անիմաստ ծախսերից զերծ պահել: Օրինակ, դուք դեղը գրանցում եք, անընդհատ այդ դեղը մշտադիտարկման մեջ է բոլոր փուլերում, բայց մարդուն ասում եք՝ 5 տարին մեկ դեղը բեր վերագրանցի: Ինչի՞ համար, եթե ամենօրյա ռեժիմով դեղը վերահսկողության տակ է, ցանկացած պահի կարող եք կասեցնել, իսկ գրանցումը թանկ է հայաստանյան պայմաններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն անդրադառնալով 5 տարին մեկ դեղերի վերագրանցմանն՝ ասաց, որ դրանք միջազգային կազմակերպությունների կողմից մշակված կանոնակարգեր են և շարժվում են այդ կանոնակարգերով. «Չեմ կարծում, որ այս օրենքը բերելու է մենաշնորհների: Բացարձակ ազատականացված է և դեղերի ոլորտում մենաշնորհ ասվածը դժվար է պատկերացնել: 1500 ակտիվ նյութ կա աշխարհում, և դեղ ներմուծողները նույն ակտիվ նյութով կարող են տասնյակ անունով դեղեր բերել»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև դեղերի ռուսերեն գրելու խնդրին` ասելով, թե բոլոր բժիշկները դեղատոմսերը բացատրական թերթիկում գրում են ռուսերեն, ինչը մատչելիության խնդիր է առաջացնում. «Այսօր ունե՞ք վիճակագրություն, թե հայաստանյան բժիշկների քանի՞ տոկոսն է ախտորոշումը գրում ռուսերեն: Հսկայական թիվ է: Ինչո՞ւ օրենք չեք գրում, որ բժիշկները, առողջապահության ոլորտի պաշտոնյաները իրենց բոլոր գրագրությունները պետք է անեն հայերեն և եթե չեն անում, օրինակ, 500 հազար դրամ պետք է տուգանվեն: Քաղաքացին սոնոգրաֆիա է անում, գրում են՝ кишечник, չգիտեմ ինչ, էս ի՞նչ ա»:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը համաձայնեց, որ շատ բժիշկներ իսկապես ռուսերեն են գրագրություն վարում, որն իրենց համար այնքան էլ ընդունելի չէ: Ըստ նրա՝ տարիներ շարունակ քայլեր են իրականացվում և քիչ-քիչ տարածվում է հայերեն գրագրությունն այս ոլորտում: Նրա խոսքերով՝ բժիշկների մեծ մասը սկսել է հայերեն գրել:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե դեղատուփի վրա պետք է պարտադիր հայերեն լինի, ապա ՀՀ-ում աշխատող բժիշկը պետք է հարգի հայերեն լեզուն: Նա մեկ անգամ ևս նշեց, ռուսերեն գրագրություն վարող բժիշկներին պետք է տուգանել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում