Զավեշտ է, որ մեզ մեղադրողները մարդիկ են, ովքեր ընդդիմադիր պայքարն իրենց համար դարձրել են «փեշակ». ԱԱԾ տնօրեն
Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը դեկտեմբերի 18-ին, Հայաստանի ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում անդրադարձել է ընդդիմադիր գործիչների հայտարարություններին.
«Ցավոք, պետք է անդրադառնանք նաև մի մտահոգիչ երևույթի: Որոշ ընդդիմադիր գործիչներ, մեղադրողի դիրք ընդունելով, շարունակում են մեզ «ՆԿՎԴ» կամ «ԿԳԲ» անվանել, մոռանալով կամ գուցե ընդհանրապես անտեղյակ լինելով, որ Հայաստանի անվտանգության մարմինների պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից, իսկ ժամանակակից դասական ընկալմամբ հետախուզական ու հակահետախուզական կառույցները մեր երկրում ձևավորվել են դեռևս Առաջին Հանրապետության օրոք` 1918 թվականի ամռանը: Եվ ընդամենը մի քանի տարի հետո մենք տոնելու ենք Հայաստանի անվտանգության մարմինների ձևավորման 100-ամյակը: Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանին, ապա ավելորդ չէ հիշել, թե Երկրորդ Հանրապետությունն ինչ պայմաններում ձևավորվեց, ինչ դաժան ճանապարհ անցավ, բայց ի վերջո նաև` ինչ ձեռքբերումներ ունեցավ: Իհարկե, երբևէ չպետք է մոռացության մատնել այն բռնաճնշումները, անիրավությունները, որ եղել են: Այդ թեմայով Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանում կան նյութեր, որոնցից երևում է նաև, թե հենց պետանվտանգության մարմինների քանի աշխատակից է զոհ գնացել կամ տուժել այդ կամայականություններից: Բայց չէ՞ որ դա հիմք չի տալիս մոռացության մատնել մեր անցյալը: Իսկ ինչ է, Առաջին Հանրապետության տարիներին չե՞ն եղել պրոբլեմներ: Կամ ներկայիս Երրորդ Հանրապետությունում ամեն ինչ իդեալակա՞ն է, չ՞կան հիմնախնդիրներ, թերություններ, բացթողումներ:
Զավեշտալին այն է, որ այսպես կոչված մեղադրողները մարդիկ են, ովքեր 20 տարի շարունակ ոչ մի տեղ չեն աշխատում և ընդդիմադիր պայքարն իրենց համար դարձրել են «փեշակ»: Ոմանք էլ նույնիսկ հանգանակություններ են կազմակերպում արտասահմանում` Հայաստանում իրենց ընդդիմադիր գործունեության ֆինանսավորումն ապահովելու համար:
Այնպես որ, տիկնայք և պարոնայք, մեկընդմիշտ հիշեք. առանց իմաստավորելու անցյալը` ապագան չի կարելի կերտել: Անցյալը մեզ հետ է, և դա մեզանից չես խլի: Մենք չենք կարող հրաժարվել նրանից: Միայն անխելք մարդը կարող է կարծել, որ հնարավոր է հրաժարվել պատմությունից: Բայց մենք պատրաստ ենք այսուհետ ևս շարժվել, մեր կարծիքով, ամենաճիշտ ճանապարհով` բոլոր քննադատողներին հանգիստ, համբերատար բացատրելով այս ամենը»:
Լուսանկարը՝ Արմենպրեսի
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում