Նալբանդյան. Ադրբեջանն ապտակ է հասցրել եռանախագահներին
Եռանախագահներն Ադրբեջանի կողմից տանկերի օգտագործման կտրուկ հարց դրել են և այսօր, և բազմիցս արած իրենց հայտարարություններում: Բեռնում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից տանկերի օգտագործման դեպքերին:
Նախարարը հիշեցրեց, որ Բելգրադում ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհուրդի նիստում ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ հստակ ու շատ խիստ քննադատություն կար ծանր հրետանու և տարբեր տրամաչափի զենքի օգտագործման իմաստով:
«Եվ պարզ էր, թե ում էր դա ուղղված: Ադրբեջանը դրան ի պատասխան փաստորեն ապտակ է հասցրել եռանախագահներին, ավելի սրեց իրավիճակը և գնաց նորանոր զենքերի օգատգործմանը: Սա է Ադրբեջանի պատասխանը միջազգային հանրության առաջարկներին: Ինչո՞ւ միջազգային հանրության, որովհետև եռանախագահներն ունեն մանդատ միջազգային հանրության կողմից: Այսինքն, ինչ իրենք առաջարկում են, առաջարկում են միջազգային հանրության կողմից»,ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է ամերիկացի համանախագահի լավատեսական հայտարարություններին, ապա Նալբանդյանը նկատեց. «Դիվանագետներն ընդհանրապես լավատես լինեն, որովհետև եթե լավատեսներ չեն, ապա դիվանագետներ չեն»:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Ցավոք, կողմերի մոտեցումները չեն համընկնում
- Նալբանդյանը՝ բանակցությունների մասին. Օրակարգը թելադրված էր իրավիճակի սրմամբ
- Համանախագահները հանդես կգան հայտարարությամբ
- Ջեյմս Ուորլիք. Բանակցությունները կշարունակվեն 2016-ին