Նալբանդյանը՝ բանակցությունների մասին. Օրակարգը թելադրված էր իրավիճակի սրմամբ
Բեռնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց բանակցությունների արդյունքները:
Panorama.am-ի՝ Բեռնում գտնվող թղթակցի փոխանցմամբ, Նալբանդյանն ասել է. «Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով մոտ 2 տասնյակ հանդիպումներ ու գագաթաժողովներ են տեղի ունեցել: Մի շարք գագաթաժողովների ընթացքում կողմերը շատ մոտ են եղել համաձայնության: Սակայն Ադրբեջանը միշտ հետքայլ է արել: Վերջին գագաթաժողովից, որը կայացավ Փարիզում անցյալ հոկտեմբերին, բավական ժամանակ է անցել՝ մեկ տարուց ավել և շատ կարևոր էր նոր հանդիպում կազմակերպել:
Մենք շատ շնորհակալ ենք Շվեյցարիայի կառավարությանը, որ հյուրընկալեցին այս գագաթաժողովը, շնորհակալ ենք նաև եռանախագահող երկրներին իրենց ջանքերի համար՝ ուղղված նախագահների մակարդակով նոր հանդիպումների կայացմանը, որոնք նպատակ ունեն առաջ մղել բանակցային գործընթացը:
Բայց գործընթացն առաջ մղելու համար այդ տրամադրվածությունը պետք է ունենա նաև Ադրբեջանը: Իրականում ոչ միայն այդպես չէ, այլև՝ հակառակը:
Այս գագաթաժողովի օրակարգը թելադրված էր իրավիճակի սրմամբ, Ադրբեջանի կողմից սադրանքների, հրադադարի կոպտագույն խախտումների արդյունքում: Բնական է, որ այսպիսի սուր իրավիճակ է տիրում, մյուս բոլոր հարցերը երկրորդ պլան են մղվում:
Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, որ կարող է օգտագործել ուժի կիրառումն ու դրա սպառնալիքը որպես բանակցային գործիք: Իսկ իրականում բանակցություններում իրենց թուլությունը ցանկանում են կոմպեսացնել այս կարգի քայլերով: Ադրբեջանի ստրատեգները կարծում են, որ դա իրենց ուժ է տալիս:
Ի՞նչ է տվել մինչև հիմա այս քաղաքականությունը Ադրբեջանին: Որևէ դրական բան, առավելություն ոչ տվել է, ոչ տալիս է, ոչ էլ կտա: Կային և կան տրամադրություններ, որ գուցե այս անադեկվատ կեցվածքի, Ադրբեջանի սադրանքների պայմաններում իմաստ չունի բանակցությունները շարունակելը: Հարց է առաջանում՝ ո՞րն է այլընտրանքը բանակցությունների: Եվ իհարկե, Հայաստանը կողմ է եղել, կողմ է բանակցային գործընթացը շարունակելուն, բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը: Մեր հանրապետության նախագահի մասնակցությունը գագաթաժողովին հենց դրա մասին է խոսում, մեր մոտեցման մասին, որ Հայաստանը շարունակում է իր հանձնառությունը՝ շարունակել եռանախագահների հետ ջանքերը՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Համանախագահները հանդես կգան հայտարարությամբ
- Ջեյմս Ուորլիք. Բանակցությունները կշարունակվեն 2016-ին
- Բեռնում ավարտվեց Սարգսյան-Ալիև հանդիպումը