Արցախի նախագահ.Ազգային անվտանգության առջև ծառացած խնդիրները պահանջում են նոր լուծումներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ձեր բարդ ու դժվարին աշխատանքը` ուղղված անձի, հասարակության և պետության անվտանգության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի, մեր ազգային շահերի ապահովմանը և պահպանմանը, դժվար է գերագնահատել: Այդ կարևոր առաքելության հաջող ու արդյունավետ իրականացման համար համակարգի յուրաքանչյուր աշխատակցից պահանջվում է բարձր արհեստավարժություն ու պատասխանատվություն, անմնացորդ նվիրվածություն հայրենիքին ու հարազատ ժողովրդին:
Եվ հատկապես հիմա, երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում ռազմաքաղաքական տարբեր զարգացումներ, ազգային անվտանգության առջև ծառացած խնդիրները պահանջում են նոր մոտեցումներ և լուծումներ: Դրա հետ կապված ձեր աշխատանքը պետք է մշտապես կատարելագործվի՝ հաշվի առնելով ժամանակի պահանջները:
Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կանեն հնարավորը օրենքով իրենց վերապահված գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար: Պետությունն էլ այսուհետ ևս կշարունակի ձեր աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան