Հայաստանի քանի՞ գործակալ են ի հայտ բերել Ադրբեջանն ու Թուրքիան, բառացիորեն զրո. Գորիկ Հակոբյան
Արցախյան պատերազմից ի վեր ազգային անվտանգության մարմինների հակահետախուզական ստորաբաժանումների գործունեության առանցքը կազմում է ադրբեջանական հատուկ ծառայությունների և նրանց աջակցող Թուրքիայի համանման կառույցների հետախուզական-քայքայիչ գործունեության դեմ պայքարը: Այդ մասին դեկտեմբերի 18-ին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում հայտարարել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:
ԱԱԾ տնօրենի ներկայացրած տվյալներով, 1993 թվականից մինչ օրս Հայաստանի ազգային անվտանգության մարմինների կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի 15 գործակալներ են բացահայտվել և դատապարտվել:
«Իսկ քանի՞ գործակալ են ի հայտ բերել նրանք: Բառացիորեն զրո: Բանը հասել է նրան, որ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտում են` փորձելով կապել նրան Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հետ: Դա մեզ մոտ ընդամենը քմծիծաղ է առաջացնում:
Մեկ այլ հանգամանք ևս: Վերջերս Բաքվում տեղի է ունեցել թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում: Բնականաբար, մենք դեմ չենք դրան, և դա մեզ չէր վերաբերի, եթե չլինեին Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների փորձերը` օգտագործել իրենց գործընկեր հատուկ ծառայություններին Հայաստանի Հանրապետության շահերի դեմ: Այդ երևույթը մեզ համար նոր չէ: Սակայն, նրանք պետք է հասկանան, որ դա անհեռանկար ու անիմաստ զբաղմունք է: Ժամանակն ու պատմությունը ցույց կտան, որ այս պայքարն ընթանում է բացառապես Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջև: Որևէ օգնություն, որ կցուցաբերվի Ադրբեջանին, մինչ օրս չի տվել ու երբեք չի տա այն արդյունքը, որին ձգտում է Ադրբեջանը», -հայտարարել է Գորիկ Հակոբյանը: