Մեդալներ և արժեքավոր նվերներ՝ ԱԱԾ աշխատակիցներին
Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ծառայողական արտականությունները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության ու արիության համար ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ Աշոտ Գրիգորյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և Գագիկ Սարգսյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալով։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նույն օրը Նախագահը ստորագրել է կարգադրություն` ծառայողական պարտականությունները անբասիր կատարելու համար ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության 7 աշխատակցի արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
Նույն օրը նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է ծառայության անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ և պետական պարգևներ ու արժեքավոր նվերներ հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների:
Բակո Սահակյանն իր խոսքում կարևորել է ազգային անվտանգության ծառայության աշխատանքը՝ ուղղված անձի, հասարակության և պետության անվտանգության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի, մեր ազգային շահերի ապահովմանը և պահպանմանը՝ հավելելով, որ պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել համակարգի առջև ծառացած խնդիրների լուծումը: