Եվրամիության 80 միլիարդանոց բյուջեից կօգտվեն նաև հայ գիտնականները
Հայաստանը 2016 թվականին կմիանա Եվրոպական Միության Հորիզոն 2020 գիտական ծրագրին: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում տեղեկացրեց կրթության գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը:
«Մենք ավարտել ենք բանակցությունները եվրոպական հանձնաժողովի հետ: 2016 թվականի հունվարին կստորագրվի շատ կարևոր փաստաթուղթ: Հայաստանը կմիանա Եվրոպական միության Հորիզոն 2020 ծրագրին, ինչը հնարավորություն կստեղծի մեր գիտնականների համար գալիք 6 տարիների ընթացքում օգտվել ԵՄ 80 միլիարդանոց բյուջեից` գիտական հետազոտությունների համար»,-ասաց նախարարը:
Աշոտյանի խոսքերով՝ Հայաստանը վճարում է գիտնականների համար մուտքի տոմս` դեպի եվրոպական գիտական ֆոնդեր:
Նա հույս հայտնեց, որ մեծ թվով մրցունակ գիտական նախագծեր կլինեն Հայաստանից, և մենք կկարողանանք մեծ ներդրումներ ապահովել եվրոպական հիմնադրամներից դեպի Հայաստան:
Ամփոփիչ հանդիպմանը նախարարը նաև հայտնեց, որ Հայաստանում մեկնարկել է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցումը, որի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:
«Գալիք տարվա ընթացքում համապատասխան չինական կազմակերպությունը կսկսի շինարարությունը: Մենք չինացի մեր գործընկերների հետ մեր հավակնությունները հստակ բանաձևել ենք` ունենալ Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում ամենախոշոր չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը` մոտավորապես 650 աշակերտների համար` այդ թվում հանրակացարանային համալիրով և նորագույն ենթակառուցվածքներով»,-ավելացրեց Արմեն Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները