Իրանի ԱԳ նախարար. ԱՄՆ-ի պատրաստած ապստամբները նույնիսկ մեկ գնդակ չեն արձակել «Իսլամական պետության» դեմ
«Իրանի ներկայությունը Սիրիայում օրինական է»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ամերիկյան «Նյու Յորքեր» ամսագրին տված հարցազրույցում, լրագրողի այն դիտարկմանը, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ութ գեներալ է զոհվել Սիրիայում, մասնավորապես պատասխանել է. «Դա վկայում է, որ մենք «Իսլամական պետության» դեմ պայքարում լուրջ ենք տրամադրված: Մեր մոտեցումն այն է, որ այն լեգիտիմ կառավարություններին, որոնք ներկայացված են ՄԱԿ-ում, մենք օգնություն ենք ցուցաբերում: Իրաքի և Սիրիայի կառավարությունների խնդրանքով մեր խորհրդատուները նրանց օգնում են ծայրահեղականների դեմ մղվող պայքարում, հետևաբար մեր ներկայությունը Սիրիայում օրինական է և լեգիտիմ»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե այդ խորհրդատուները Սիրիայի իշխանություններին օգնում են ոչ այնքան «Իսլամական պետության», որքան ընդդիմադիրների դեմ պայքարում, Իրանի ԱԳ նախարարը հետևյալ կերպ է պատասխանել. «Սիրիայի կառավարությունն է պայքարում ԻՊ-ի դեմ, ըստ Ձեզ ո՞վ է պայքարում ԻՊ-ի դեմ, Ամերիկա՞ն»:
Ի պատասխան Զարիֆի հարցադրմանը՝ «Նյու Յորքեր» ամսագրի լրագրողը նշել է, թե ապստամբների խմբերն են զբաղված այդ գործով:
Իրանի ԱԳ նախարարը հավելել է. «Սա կատակ է. Ամերիկան ցանկանում էր, որ ապստամբներին իր տնօրինության ներքո պատրաստեր, որպեսզի նրանց ուղարկեր Սիրիա՝ կռվելու «Իսլամական պետության» դեմ: 2500 ապստամբերից միայն 70 հոգի ցանկացան գնալ Սիրիա՝ ԻՊ-ի դեմ կռվելու, նրանց մեծ մասը գնաց Սիրիա, որպեսզի կռվեր կառավարության դեմ: Դուք պետք է արթնանաք և իրականությունը տեսնեք: Ապստամբական խմբերը նույնիսկ մեկ գնդակ չեն արձակել ԻՊ-ի դեմ»:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ու Թեհրանը Սիրիայի հարցում մոտ դիրքորոշում ունեն, Իրանի արտգործնախարարը պատասխանել է. «Ոչ ոք Սիրիայի հարցում միատեսակ չի մտածում, սակայն մենք համակարծիք ենք Ռուսաստանի այն դիրքորոշման հետ, որ քաղաքական այրերի ապագան պետք է որոշի Սիրիայի ժողովուրդը»:
Այն հարցին, թե Բաշար ալ-Ասադն արդյո՞ք պատրաստ է հանուն խաղաղության հրաժարական տալ, Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատասխանել է. «Ես կարծում եմ նախագահ Ասադը պատրաստ կլինի ընդունել Սիրիայի ժողովրդի որոշումն ու երկրի ներսում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում