Սերգեյ Մինասյան. Համանախագահների հայտարարության մեջ ուշադրության արժանի է ընդամենը մեկ նախադասություն
«Տեղեկատվությունը դեռ շատ քիչ է և մենք կարող ենք հիմնվել միայն համանախագահների ` հանդիպման վերաբերյալ հայտարարության վրա: Այնուհանդերձ, հայտարարության մեջ ուշադրության արժանի է ընդամենը մեկ նախադասություն առ այն, որ «Նախագահները պաշտպանում են Համանախագահներին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին բռնության նվազեցմանն ուղղված շարունակական աշխատանքներում, ինչպես նաև հետաքննական մեխանիզմների ներդրման գործում»»,- անդրադառնալով այսօր Բեռնում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, ինչպես նաև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը`«Panorama.am»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Եթե դա իսկապես այդպես է և Իլհամ Ալիևը, վերադառնալով այսօր Բաքու, չի անի լիովին հակառակ իմաստ պարունակող հայտարարություն, ապա գուցե շատ զգուշավոր լավատեսությամբ կարելի է ասել, որ հնարավոր է շփման գծում կայունության հսստատման հարցում հասնել ինչ-որ պայմանավորվածությունների: Սակայն, կրկնում եմ, դա հնարավոր է միայն այն պարագայում, եթե ադրբեջանական կողմը Բաքվում չհնչեցնի տրամագծորեն հակառակ հայտարարություններ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից իր տպավորությունների մասին` քաղաքագետը նշեց, որ ողջ գործընթացը լիովին սապասելի էր:
«Ես չեմ կարծում, որ ելնելով այն իրավիճակից, որ այսօր առավոտյան ևս սահմանին լարվածություն է գրանցվել, Հայաստանի նախագահը շատ մեծ հաճույքով պետք է հանդիպեր Ադրբեջանի ղեկավարի հետ, ով անձամբ պատասխանատու է այս իրավիճակի համար: Սակայն, մյուս կողմից, քաղաքականության մեջ կան քայլեր, որոնք պարզապես անհրաժեշտ է իրականացնել այն պարզ պատճառով, որ դրանց չիրագործումը հղի է շատ ավելի լուրջ վտանգներով»,- նշեց Ս. Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան