Վարչապետը Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին տեղեկացրել է՝ փոխհատուցման գործընթացը շարունակվում է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման շրջանակում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը քննարկվել է գումարային և բնակարանային փոխհատուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ փոխհատուցման գործընթացը շարունակվում է, և վարչապետի մոտ կայացած վերջին հանդիպման արդյունքներով, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, ամբողջությամբ լուծվել է ևս 18 ընտանիքին փոխհատուցում տրամադրելու հարցը:
Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց կողմից բարձրացվող խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և դրանց լուծման հարցում հետևողական լինելու համար: Վարչապետն իր հերթին նշել է, որ վերոնշյալ հարցերը գտնվում են իր անմիջական հսկողության ներքո, և կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ դրանք լուծելու ուղղությամբ: