Օտարերկրացիներն Արցախ ավելի շատ են գնում ու ավելի երկար մնում
Այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա համեմատ 12 տոկոսով ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել Արցախ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության զբոսաշրջային ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը, հստակեցնելով, որ այս թվում ներառված չեն ԼՂՀ այցելած հայաստանցիները:
«Սրանք այն զբոսաշրջիկներն են, որոնք գրանցվում են արտաքին գործերի նախարարությունում: ՀՀ քաղաքացիություն և անձնագիր ունեցողները որևէ տեղ չեն գրանցվում, այդ պատճառով նրանց հաշվառում չի իրականացվում»,-մանրամասնեց նա:
Ընթացիկ տարում Արցախ առավել շատ ժամանել են Ռուսաստանից, ԱՊՀ, ԵՄ երկրներից, ԱՄՆ-ից, Վրաստանից ու Պարսկաստանից:
«Այս պահին հստակ թվեր չկան, թե որ երկրից քանի զբոսաշրջիկ է Արցախ այցելել: Հիմա տվյալներն ամփոփվում են»,-ասաց էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը:
2015-ի համար ոլորտի պատասխանատուները նախատեսել էին 10 տոկոս աճ: Օգոստոսյան իրադարձությունների հետևանքով, 2014-ին տուրիզմի ոլորտում գրանցվել էր 11 տոկոս անկում: Արցախում հույս ունեն, որ տարին կամփոփեն 13 տոկոս աճով: Հաջորդ տարվա համար արված կանխատեսումները հրապարակելը դեռ վաղ են համարում:
Էկոնոմիկայի նախարարությունից հաստատում են, որ գալիք տարում էլ ակտիվորեն մասնակցելու են միջազգային ցուցահանդեսների՝ ներկայացնելով Ղարաբաղը: Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացնում են եվրոպական խոշորագույն ցուցահանդեսներում. Փարիզում, Լոնոդնում, Մադրիդում, Միլանում, Ռիմինիում...
«Տարեցատրի ավելանում են զբոսաշրջավայրերը, բարելավում են ենթակառուցվածքները, ինչը թույլ է տալիս զբոսաշրջիկներին ավելի երկար ժամանակ անցկացնել Արցախում: Եթե նախկինում զբոսաշրջիկներն այցելում էին 2-3 զբոսաշրջավայր, ապա այժմ այդ աշխարհագրությունն ընդլայնվում է՝ այդ ցանկում ընդգրկվել է Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, վերջին տարիներին ստեղծվել ու զարգանում է Տողի մելիքական ապարանքի պատմամշակութային արգելոցը»,-ասաց Ա. Գրիգորյանը:
Նրա խոսքով, Ղարաբաղում նաև էկոտուրիզմի զարգացման հնարավորություններն են մեծ, օրինակ Հունոտի կիրճի պետական բնապատմական արգելոցը: Այս պահին զարգանում է հարավային զբոսաշրջային երթուղու ուղղությունը, որն իր մեջ ներառում է Ազոխի քարանձավը, երկուհազարամյա Տնջրի ծառը, որի շուրջ սկսել են որոշակի ծառայություններ մատուցվել:
«Հյուսիսային զբոսաշրջային երթուղու զարգացման ծրագիրը կսկսի հաջորդ տարվանից, որը համընկնում է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման հետ: Դրա ավարտից հետո զբոսաշրջության ապակենտրոնացում կլինի նաև այդ ուղղությամբ՝ Գանձասարի վանական համալիր, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Դադիվանքի վանական համալիր և այլն: Արցախ եկած զբոսաշրջիկները ստիպված չեն լինի նույն ճանապարհով վերադառնալ Հայաստան»,-ասաց նա:
Անցնող տարվա ընթացքում ոլորտի պատասխանատուները մի քանի նոր միտումներ են արձանագրել: Ղարաբաղ եկողներն այստեղ ավելի շատ են մնում՝ 2-3 գիշերակացի փոխարեն այժմ միջինը 4-5 օր:
Ավելացել է նաև այն մարդկանց թիվը, ովքեր Արցախ են գալիս միայնակ՝ առանց օգտվելու կազմակերպված տուրերից. «Տեղեկատվական կենտրոնների, հյուրանոցների տվյալներով ավելացել է այն զբոսաշրջիկների թիվը, ովքեր, առանց դիմելու որևէ կազմակերպության, հասնում են Արցախ ու ինքնուրույն կազմակերպում իրենց հանգիստը»:
Հայաստանից սոցփաթեթներով Ղարաբաղ գնացածների թիվը կրկնապատկվել է. «Եթե նախորդ տարի 500 էր, ապա այս տարվա նոյեմբերի դրությամբ 1000 է: Նրանք հիմնականում գալիս են ընտանիքներով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան