ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ելույթներում կողմերի միջև հավասարության նշան այլևս չկա. ՀՀԿ
«Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից առաջ մենք չէինք կանխատեսել, որ դրական արդյունք կարող է լինել, հետևաբար այն, ինչ այժմ կա, մեզ համար անսպասելի չէ», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Պատգամավորի խոսքով, Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ոչ մի լավ բանի սպասելու առիթ չեն տալիս:
«Բազմիցս, տարիներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, կոչ է անում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ կապված, բայց դրժում է իր խոսքը: Այստեղից պետք է եզրակացնել` կամ Ադրբեջանի նախագահը ստախոս է, կամ չի տիրապետում իրավիճակին ու բանակն իրեն չի ենթարկվում: Հակառակ դեպքում հանդիպումներից առաջ նման սիստեմատիկ ձևով նման դիվերսիաները ու հարձակումները չէին լինի: Ինձ թվում է` որևէ բան ակնկալելը կարճատեսություն կարող էր լինել», -հայտարարեց Բաղդասարյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, թե նախագահների հանդիպումները շարունակական են, պատգամավորն ասաց, որ այդ պարագայում հնարավոր է, որ լինի առաջընթաց:
«Համենանդեպս ես հուսով եմ, որ այս հանդիպումից հետո նրանք (ադրբեջանական կողմը) գոնե կարող են հաշվի նստել միջազգային հանրության հետ ու ապտակ չհասցնել Մինսկի խմբի միջնորդներին: Կարծում եմ` նրա (Ալիևի) խորհրդատուները պետք է հասկացնեն, որ սա լավ վերջաբանի չի կարող հանգեցնել: Եթե նա իր հանրության ուշադրությունը ցանկանում է շեղել իր երկրի սոցիալ-տնտեսական լարված իրավիճակից ու դա անում է երիտասարդ զոհերի հաշվին, ինձ թվում է` նա պետք է պատասխան տա իր հանրության առջև», -հավելեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին կա՞ այլընտրանք, Բաղդասարյանն ի պատասխան հստակ ոչինչ չասաց և ընդամենը հավելեց. «Պետք է այնպես անենք, որ կարողանանք անկախ հետաքննող հանձնաժողովների ու տեսախցիկների միջոցով ֆիքսենք` հասկանալու, թե սահմանին առաջին հարձակում գործողն ով է, ով է դիվերսիոն գործողությունների հեղինակը: Եվ այն, որ հայկական կողմը համաձայնել է այդ բոլոր գործողությունների իրականացմանը, իսկ ադրբեջանական կողմը վայնասուն է բարձրացրել, դրանից միջազգային հանրությունը պետք է վայնասուն բարձրացնի»:
Նա ասաց, որ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև միջազգային մակարդակի որոշ պաշտոնյաների հայտարարություններում նկատել է, որ կողմերի միջև հավասարության նշան չկա ու բացատրեց` ինչ նկատի ունի. «Որոշ քաղաքական գործիչների ու նաև համանախագահների հայտարարությունների տողատակերում, որ կարդում ենք, տեսնում ենք, որ նախկին խիստ հայտարարությունները մեղմացել են և անցնում է քննդատությունը դեպի ադրբեջանական կողմը: Քաղաքականության մեջ կտրուկ ոչինչ չի կատարվում»: