Բլատտերն ու Պլատինին 8 տարով զրկվել են ֆուտբոլից
Հայտնի է դարձել, որ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի նախագահներ Միշել Պլատինին ու Յոզեֆ Բլատտերը լուրջ պատիժ են ստացել՝ 8 տարով զրկվելով ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից: Շվեյցարացուն ու ֆրանսիացուն նման կերպ պատժել են այն բանի համար, որ ՖԻՖԱ-ի նախագահը 1,35 մլն ֆունտ ստեռլինգ է վճարել ՈՒԵՖԱ-ի նախագահին: Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը:
«Բլատտերը, որպես ՖԻՖԱ-ի նախագահ, վճարում է կատարել Պլատինիին, որն իրավական ոչ մի հիմք չի ունեցել: Պաշտոնատար անձինք ապօրինի գործարք են կատարել 1999 թ. օգոստոսի 25-ին:
Ոչ իր գրավոր հայտարարության մեջ, ոչ էլ անձնական լսումների ընթացքում Բլատտերը ոչ մի իրավական հիմք չի ներկայացրել: Նրա պնդումները, որ դա բանավոր պայմանավորվածություն է եղել, համոզիչ չեն ու մերժվել են»,- նշված է ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Ֆուտբոլային գործունեության իրավունքից զրկելու որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ: Բացի այդ, Բլատտերը տուգանվել է 33 հազար ֆունտ ստեռլինգով, Պլատինին՝ 54 հազար: