Կիրո Մանոյան. Միջազգային հանրությանը կարելի է արդեն մեղսակից համարել Ադրբեջանի պահվածքին
«Ինչպես ԱԳ նախարարն է ասում՝ այս հանդիպումը կամ նման հանդիպումների կայանալը առայժմ ինչ-որ տեղ նպաստում է սահմանագծում իրադրության մեղմանալուն, սակայն Ադրբեջանը ցանկացած հանդիպման նախօրեին սրում է իրավիճակը»,- «Panorama.am»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը, նշել է ՀՅԴ արտաքին քաղաքական հարցերով ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Մանոյանի կարծիքով՝ հաշվի առնելով Ադրբեջանի պահվածքը ճիշտ չի լինի բանակցություններում լուրջ տեղաշարժ ակնկալել:
Նշենք, որ Ադրբեջանը տարբեր ատյաններում իր դժգոհությունն է հայտնում Մինսկի խմբի ձևաչափից, սակայն վերջին հանդիպմամբ արձանագրվեց հակառակը:
«Նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ներկայումս բանակցությունների սեղանին դրված լուծման ուղղությամբ: Նրանք նաև վերահաստատել են, որ հավատարիմ են Մինսկի խմբի ձևաչափին»,- մասնավորապես ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:
Այս կապացությամբ Կիրո Մանոյանը նշեց, որ չի բացառվում՝ Ադրբեջանը վաղը կսկսի հայտարարել իր դժգոհությունը Մինսկի խմբից, քանի որ հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից Ադրբեջանը չի ընդունում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը:
«Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ցանկանում է, որ փոխվի ձևաչափը, ատյանը: Դրա համար էլ աջ ու ձախ փորձում են, որ հարցը քննարկվի այնտեղ, որտեղ կաշառելը հեշտ է և ինչ-որ բանաձևեր կորզի: Նրանց ոչինչ չի բավարարելու այնքան ժամանակ, քանի դեռ այդ սկզբունքը կա: Եվ նրանք կարծում են, որ կարելի է այդ սկզբունքը հանել, եթե ինչ-որ բան փոխվի ձևաչափի մեջ»,- նշեց Մանոյանը:
Քաղաքագետի կարծիքով, միջազգային հանրությունը նույնպես իր մեղքի բաժինն ունի Ադրբեջանի պահվածքի մեջ:
«Միջազգային հանրությանը կարելի է արդեն մեղսակից համարել Ադրբեջանի պահվաքին, որովհետև անհրաժեշտ ճռականություն չի ցուցաբերում և քայլեր չի ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանի այս կամայականություններին վերջ դրվի: Կարծում եմ ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունը նշաններ ցույց տա առ այն, որ եթե Ադրբեջանը շարունակելու է այս ընթացքը, ապա միջազգային հանրությունը կձեռնարկի Լեռնային Ղարաբաղը ճանաչելու քայլեր»,- նշեց մանոյանը և հավելեց, որ միայն դա կարող է Ադրբեջանին զսպել:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Մարկարով. Հանդիպումը հիմք է ծառայելու համանախագահողների հետ միասին հետագա կարգավորման ձևաչափ գտնելու համար
- Սերգեյ Մինասյան. Համանախագահների հայտարարության մեջ ուշադրության արժանի է ընդամենը մեկ նախադասություն