Արծրուն Հովհաննիսյան-Սենոր Հասրաթյան. Հայկական կողմերը կորուստներ չունեն
Դեկտեմբերի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը նշում են, որ նախորդ գիշեր շփման գծի երկայնքով տարբեր ուղղություններով տեղի ունեցած միջադեպերի արդյունքում զոհվել են երկու և վիրավորվել 4 հայ զինծառայողներ:
«Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել, դրանք ապատեղեկատվություն են»,- մեզ հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նշվածը ապատեղեկատվություն և հորինված քարոզչություն անվանեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով. «Նույնիսկ ծիծաղելի է ամեն անգամ սեփական հորինված իրականության մեջ ապրող ադրբեջանական քարոզչամեքենային հերքումներ տալ»:
Նշենք, որ տվյալ ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /236 արկ/, 82 /155 արկ/, 120 /23 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /4 արկ/ և ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետերից, TR-107 տիպի հրթիռային կայանքից /24 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Իսկ շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ /4 արկ/: