ԱԺ-ն ընդունեց ճանապարհային խախտումների համար տուգանքները մեղմացնող օրինագիծը
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում` 84 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում էր ճանապարհային խախտումների համար տուգանքների նվազեցմանը:
Նախագծի քվեարկությունից առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին, թեպետ կարծում են, որ ամբողջական լուծում համակարգի խնդիրներին առաջարկվող փոփոոխւթյունները չեն տալիս:
«Ասել, որ նախագիծը հարցերին լուում չի տալիս, կարծում եմ` ազնիվ չի լինի: Այն լուծում է խայտառակ թալանի մի խնդիր ինչպիսին հոծ գծերի հատման համար տուգանք վճարելն է», -հավելեց Զոհրաբյանը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ օրինագիծը ավելի «թույլ է բռնում վարորդների կոկորդից» հետևաբար ինքը «ստիպված կողմ է քվեարկելու»:
«Սա դիտում եմ որպես միջանկյալ քայլ, վերջնական քայլը արագաչափերի իսպառ արմատախիլ անելն է ՀՀ ճանապարհներից», -հավելեց Փաշինյանը:
Օրինագծի քվեարկությունից հետո ԱԺ արտահերթն ավարտվեց, պատգամավորները մեկնեցին ձմեռային հանգստի:
Նշենք, որ ըստ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների, երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների, արտաքին լուսարձակների պահանջները չկատարելու, խաչմերուկների հատման կանոնները չպահպանելու կամ ոչ սահմանված կետում կանգառ կատարելու համար հնարավորություն է տրվելու վարորդին, որ կիրառվի ոչ թե տուգանք, այլ նախազգուշացում:
Բացի այդ, նոր փոփոխություններով, կատարված խախտումների տեսանյութերը կդրվեն համապատասխան կայքում, և վարորդները կտեսնեն դրանք: Ու խախտումը կրկնելու դեպքում` կտուգանվեն: Առաջին անգամից չեն տուգանվի նաև վարորդական վկայականը մոռացած, տեխզննման կտրոնը մեքենայի դիմապակուն չփակցրած վարորդները: Վարորդին հնարավորություն և ժամանակ կտրվի դրանք շտկելու: Վկայականը մոռացած վարորդին 24 ժամ ժամանակ կտան այն ներկայացնելու: Ինչ վերաբերում է մգեցված ապակիներին, ապա դրա համար տուգանքը, որը մինչ այս 50 հազար դրամ էր, իջեցվել է` դառնալով 30 հազար: Եթե, օրինակ, վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում և մեկ-երկու անգամ տուգանվում է, ապա նույն խախտումը կատարելու դեպքում ժամանակավորապես, նույնիսկ, զրկվում վարորդական վկայականից, ապա առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է այդ բոլոր պատիժներից հետո մինչև մեկ տարի ազատազրկում, եթե կրկին ոչ սթափ վիճակում մեքենա կվարի: Չսահմանված վայրերում կարճ ժամկետով կանգառ կատարելու դեպքում ներկայում վարորդները տուգանվում են: Փոփոխությամբ նախատեսվում է, որ եթե դա մեկ րոպեից ավելի չի տևել, վարորդը չի տուգանվելու: