ՀՀ ՊՆ. Ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը
Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդը շարունակել է սադրանքներն ու ինտենսիվ կրակոցները ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ չնայած նախագահների՝ Բեռնի հանդիպման ժամանակ Մինսկի խմբի համանախագահների՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանն ուղված քայլերին Ադրբեջանի բանակի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հայտնած աջակցությանը: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչության նախօրեին տարածած հաղորդագրության մեջ:
«Նշված ժամանակահատվածում կիրառվել են բազմատեսակ հրաձգային զենքեր, ականանետեր, կան տանկերի կիրառման բազմակի դեպքեր: Ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը: Հրաձգության դեպքերը գերազանցել են երկու հարյուրը, արձակվել է ավելի քան 1800 կրակոց: ՀՀ ՊՆ ղեկավարությունը այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որն էլ իր հերթին այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ՊԲ-ի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը և հակառակորդի սանձարձակություններին տալիս թիրախային ու լռեցնող հակահարվածներ»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /170 արկ/, 82 /201 արկ/, 120 /1 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 /1 արկ/, ՀԱՆ-17 /16 արկ/ և ՌՊԳ-7 /1 արկ/ տիպի նռնականետերից, TR-107 /3 արկ/ տիպի հրթիռային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև տանկ /12 արկ/: