Արագաչափերի գործունեության ընթացքում վթարների թիվն աճել է 36 տոկոսով. Փաշինյան
Ազգային ժողովում «Վարչական իրավախախտումների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով արագաչափերին՝ ասաց, որ 2012 թվականին Հայաստանի ավտոճանապարհներին մեծ շուքով տեղադրված արագաչափերն ու նկարահանող սարքերը խոստացված արդյունքը չեն տվել, ուստի շարունակելու է պնդել արագաչափերը հեռացնելու իր պահանջը:
«Այդ ժամանակ հիմնավորումն այն էր, որ հերթական առաջադիմական քայլն է արվում Հայաստանի ավտոճանապարհներին՝ երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Հիմա ի՞նչ, այս երեք տարվա ընթացքում վթարների թիվը նվազել է, թե ոչ: Պարզվում է հետևյալը, որ 2011 թ-ին Հայաստանում գրանցվել է 2319, 2014թ-ին՝ 3156 ավտովթար: Այսինքն՝ արագաչափերի գործունեության ընթացքում վթարների թիվն աճել է 36 տոկոսով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Գուցե արագաչափերի և տեսախցիկների գործունեության արդյունքում ճանպարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվն է պակասե՞լ, սակայն Ն.Փաշինյանն ասաց, որ դա այդպես չէ. «2011 թ-ին վթարների հետևանքով ունեցել ենք 2964, 2014թ-ին՝ 4776 տուժող: Աճը կազմում է 61 տոկոս: Իմիջայլոց ասեմ, որ այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք 9,9%-ի աճ: Եւ սա համատարած արտագաղթի պայմաններում»:
Ն.Փաշինյանն ասաց, որ աճել են նաև երթևեկության կանոնների խախտումները: Պաշտոնական տվյալներով, ըստ նրա, հանրապետությունում 2011 թ-ին գրանցվել է խախտման մասին 679 978 որոշում, իսկ 2014թ-ին՝ 1 մլն 647 252 որոշում: Այսինքն՝ 2014թ-ին 2011 թ-ի նկատմամբ երթևեկության կանոնների խախտումների աճը կազմել է 142 տոկոս:
Այսպիսով, ըստ Ն.Փաշինյանի, անվտանգության առումով այս տեսախցիկներն ու արագաչափերը ոչ մի բան չեն տվել:
«Փոխարենը մենք ունենք հսկայական «առաջընթաց» տուգանքների վճարման մասով: Եթե 2011թ-ին Հայաստանի վարորդներին նշանակվել է 2 մլրդ 925 մլն դրամի տուգանք, ապա 2014թ-ին ՝ 13 մլրդ 214 մլն 900 հազար դրամի տուգանք, այսինքն՝ տուգանքների աճը կազմել է 351 տոկոս: Սա նշանակում է, որ երթևեկության, մարդկանց անվտանգության հետ կապված ոչ մի բարելավում չունենք, փոխարենն ունենք տուգանքների գանձնման 351 տոկոսանոց աճ: Սա նոր հարկատեսակ է, որ դրված է Հայաստանի քաղաքացիների ուսերին: Ուղղակի հարկատեսակ է, քանի որ ոչ մի խնդիր չի լուծում, լուծում է միայն ֆիսկալ խնդիր»,- ասաց Ն.Փաշինյանը:
Ըստ պատգամավորի՝ ՀՀ քաղաքացիները մոտ 25 մլրդ դրամ ավելի գումար են վճարել երթևեկության կանոնների խախտման համար, մինչդեռ այդ գումարը պետք է ծախսեին իրենց երեխաների ուսման վճարի, երեխաների կոշիկի, հագուստի, սոցիալական կարիքները հոգալու համար:
Ն.Փաշինյանը նշեց նաև, որ պետավտոտեսուչները նույնպես շարունակում են գումարներ վերցնել և որքան նրանց սոցիալական վիճակը վատանում է, ապա ավելի շատ են վերցնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան