Քաղաքական 11:36 21/12/2015

Փորձագետ. Վերջին երկու տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը փոխվել է

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Շվեյցարիայում կայացած հանդիպումից առանձնապես որևէ արդյունք սպասելի չէր, միայն ևս մեկ անգամ միջազգային հանրության, հայկական կողմից ընդգծվեց, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է լինի խաղաղ, այլ ճանապարհ չկա, ինչին հակառակ էր գործում Ադրբեջանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության անդամ, քաղաքական հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը:

Նա նշեց, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը փոխվել է, այն չէ, ինչ մեկուկես-երկու տարի առաջ՝ կապված տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, Ադրբեջանի  ներքին ու արտաքին քաղաքականության հետ:

«Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում տեղի ունցող իրադարձությունները լուրջ ազդեցություն ունեն մեր տարածաշրջանում զարգացող խնդիրների վրա: Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն անմիջապես ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան խնդրի վրա»,- ասաց քաղաքագետը:

Մ. Ղումաշյանի խոսքով, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը նույնպես փոխել են իրենց վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ. «Տեսնում ենք միջազգային հանրության դիրքորոշման կոշտացում Ադրբեջանի հանդեպ: Նման պարագայում Ադրբեջանին մի քայլ է մնում՝ սրել իրավիճակը սահմանին, որը հետագայում կարող է վաճառել, սակարկել բանակցությունների ժամանակ»:

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում նույնպես իրավիճակն անկայուն է, մեծ դժգոհություններ են տեղի ունենում:

«Նման պարագայում ամենահեշտ միջոցն արտաքին թշնամու փնտրտուքն է: Իսկ Ադրբեջանի պարագայում պետք չէ շատ փնտրել այդ թշնամուն»,- ասաց Մ. Ղումաշյանը:

Պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվում նույնիսկ միջազգային հանրության կոշտ հայտարարություններից հետո, նման պայմաններում հայկական կողմի անելիքները որո՞նք պետք է լինեն, փորձագետն ասաց. «Հաշվի առնելով այն, որ քանի դեռ Ալիևի վարչակարգն է Ադրբեջանում նստած, դժվար թե ղարաբաղյան խնդրում դրական տեղաշարժ լինի, նախ պետք է մեր երկրի ներսում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ կարողանանք երկիրը զարգացնել՝ դրանով իսկ նպաստելով սահմանների ուժեղացմանը: Միաժամանակ պետք է մասնակցենք բոլոր միջազգային պաշտպանական միավորումների աշխատանքներին՝ կլինի ՀԱՊԿ, ՆԱՏՕ-ի հետ ծրագրեր, կամ այլ ձևաչափեր»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}